Կարոտում եմ եկեղեցու զանգերի ղողանջները. Մարդինի վերջին հայուհու պատմությունը

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդինի նահանգի Դերիք շրջանում, որտեղ ժամանակին ապրել է ավելի քան 400 հայ ընտանիք, այսօր մնացել է վերջինը` Դեմիրջիների ընտանիքը, որոնք չնայած բոլոր դժվարություններին՝ չեն արտագաղթել և չեն կրոնափոխվել, գրում է թուրքական gazetesujin.com կայքը:
Յուրշալին Դեմիրջին, որն այստեղ մնացել է իր ամուսնու հետ, տխրությամբ փաստում է, որ շրջանում հայ բնակչության բացակայության պատճառով այլևս չի գործում Դերիքի Սուրբ Գևորգ եկեղեցին:
«Մեր հարևանները երբեմն ասում են` նամազ արա: Ես նամազ չգիտեմ: Մենք` հայերս, հարսանեկան արարողությունը եկեղեցում ենք անում, սակայն իմը տանն է արվել, որովհետև այդ ժամանակ այստեղ քահանա չկար արդեն: Մինչև վերջերս փոխպատրիարքի օգնականն էր գալիս, սակայն ճնշումների հետևանքով նա էլ հեռացավ», – Tert.am-ի փոխանցմամբ՝ պատմում է տիկին Դեմիրջին՝ հավելելով, որ հպարտանում է իր ազգային ու կրոնական պատկանելիությամբ ու չի պատրաստվում փոխել այն:
Յուրշալին ընդգծում է, որ դեռևս 50 տարի առաջ Մարդինում կարելի էր գտնել քրիստոնյա հայ ընտանիքների, որոնց մեծ մասը, սակայն, սոցիալական և կրոնական բռնաճնշումների հետևանքով արտագաղթել են Ստամբուլ և միացել Պոլսի համայնքին, որտեղ կարողանում են իրականացնել մկրտության և հարսանեկան ծեսերն ու երեխաներին հայկական դպրոց ուղարկել:
«Սրանից 50 տարի առաջ եկեղեցու զանգերը դեռ ղողանջում էին, եկեղեցին լցվում էր հայ քրիստոնյաներով: Կարոտում եմ հին օրերը, բայց արդեն սովորել եմ միայնությանը: Այստեղ ենք ծնվել, այստեղ մեծացել և չենք ուզում լքել մեր հողը: Երջանիկ եմ, որ այստեղ եմ», – ասում է Մարդինի վերջին հայուհին:
Նշենք, որ Մարդինը, որը ներկայում համանուն նահանգի կենտրոնն է, Վերին Միջագետքի հին բերդաքաղաքներից էր: Գտնվում էր Եդեսիա և Մծբին քաղաքների միջև, բարձր և ապառաժոտ լեռան զառիվայր լանջին։
Ցեղասպանության տարիներին Մարդինից բռնի աքսորվել է 4.663 հայ։