Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը. ԱԳ նախարար

Փետրվարի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարին (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Շնորհավորելով դեսպան Քիթիչայսարիին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը, և հաջողություն մաղթեց դեսպանին իր կարևոր առաքելության մեջ:

Թաիլանդի դեսպանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, իր հերթին նշեց, որ Թաիլանդը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ, և ինքը ջանքերի չի խնայի երկկողմ օրակարգը հարստացնելու համար:

Քննարկվեց երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդատվությունների անցկացումը, անդրադարձ արվեց միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման հարցերին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերի՝ բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խրախուսման շուրջ։ Երկուստեք շեշտվեց զբոսաշրջության ոլորտում առկա ներուժը և այն բացահայտելու ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը։

Scroll Up