Այսօր սփյուռքահայ ճանաչված աստղագետ Փարիս Փիշմիշի ծննդյան օրն է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/paris.jpg)
Սփյուռքահայ անվանի գիտնական, Մեքսիկայի ազգային աստղադիտարանի պատվավոր աստղագետ, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փարիս Փիշմիշին (Մարի Սուքիասյանի) ծնվել է 1911 թվականի հունվարի 31-ին՝ Կ. Պոլսում :
Նա գիտական մեծ հաջողությունների հասած առաջին կին աստղագետներից էր, որը մեծ դեր խաղաց ամբողջ մեքսիկական աստղագիտության զարգացման մեջ և խթանեց նաև կին գիտնականների հետագա գործունեության ակտիվությանը:
Աստղագետը սովորել է Կ. Պոլսի «Սեմերջյան» ճեմարանում և ամերիկյան վարժարանում: 1933թ-ին ավարտել է Ստամբուլի համալսարանը, աշխատել այդ համալսարանի աստղադիտարանում: 1935-1936-ին դասավանդել է Ստամբուլի կենտրոնական «Սանասարյան» վարժարանում, ապա տեղափոխվել՝ ԱՄՆ, որտեղ ավարտել է Հարվարդի համալսարանը՝ 1937թ-ին ստանալով մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան: 1939-1942թ-ին աշխատել է Հարվարդի քոլեջի աստղադիտարանում: 1942թ. ամուսնացել է մեքսիկացի աստղագետ Ֆելիքս Ռեսիլասի հետ:
Փարիս Փիշմիշը տեղափոխվելով Մեքսիկա՝ աշխատանքի է անցել Պուեբլայի Տոնանցինտլայի աստղադիտարանում, որտեղ աշխատել է մինչեւ 1946 թվականը: 1948-ից մինչեւ կյանքի վերջը աշխատել է Մեխիկոյի Տակուբայայի ազգային աստղադիտարանում:
Նրա գիտական աշխատությունները գալակտիկայի կինեմատիկային, միգամածությունների լուսաչափությանը և տեսագծային արագությունների որոշմանն էին առնչվում:
Կատարել է երիտասարդ աստղակույտերի լուսաչափական առաջին ուսումնասիրությունները և հայտնաբերել 3 գնդաձեւ, 20 բաց աստղակույտ:
Հանդես է եկել նաև հրապարակումներով՝ հեղինակելով շուրջ 135 գիտական աշխատանք, կարևոր ներդրում է ունեցել աստղագիտական սարքերի ներմուծման եւ կիրառման գործում:
Նրա ամենակարևոր ներդրումներից էր մեքսիկական աստղագիտական ամսագրերի հրատարակության խթանումը (Տոնանցինտլայի և Տակուբայայի աստղադիտարանների տեղեկագիր, Աստղագիտության և աստղաֆիզիկայի մեքսիկական հանդես և այլն):
Մեծ էր Փիշմիշի մանկավարժական գործունեությունը և դերակատարումը մեքսիկական աստղագիտության զարգացման մեջ: Դասախոսել է մի շարք ուսանողների, ովքեր հետագայում դարձել են ճանաչված աստղագետներ (ըստ էության՝ մեքսիկացի աստղագետների զգալի մասը):Փիշմիշը Միջազգային աստղագիտական միության, Ամերիկյան աստղագիտական ընկերության, Մեծ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ընկերության, Մեքսիկայի գիտությունների ակադեմիայի և Մեքսիկական ֆիզիկական ընկերության անդամ էր:
Փարիս Փիշմիշին մահացել է 1999թ. օգոստոսի 1-ին:
Սկզբնաղբյուրը` Հայկական աստղագիտական ընկերություն