ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն այցելել է Կալիֆորնիայի պետական համալսարան

Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Կալիֆորնիայի պետական համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոյի և Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ այցելել է համալսարանի մասնաճյուղում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Collegian-ը, այցն իրականացվել է ՀՀ բանակի 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Այս հուշարձանը մեզ համար հպարտանալու հզոր պատճառ է, քանի որ այն իր տեսակում միակն է ԱՄՆ համալսարանական մասնաճյուղում: Այն ցույց է տալիս մեր հայկական ու մյուս համայնքներին, որ մենք կանգնած ենք նրանց կողքին, աջակցում ենք նրանց»,- նշել է Կաստրոն:
ՀՀ դեսպան Հովհաննիսյանը կարևորել է համալսարանի տարածքում հուշարձանի տեղադրումը: «Կալիֆորնիայի լավագույն համալսարաններից մեկի կողմից նման հրաշալի հուշարձանի տեղադրումը հզոր խորհրդանիշ է, որից համերաշխություն է ճառագում»,- ասել է նա:
Կաստրոն ՀՀ դեսպանին է հանձնել համալսարանական հուշանվեր: Նա ընդգծել է, որ դեսպանի այցելությունը Կալիֆորնիայի համալսարանի և հայաստանյան համալսարանների միջև հարաբերությունների ընդլայնման կարևոր ապացույց է: