Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) հաղթել է Եվրոպայի գեղասահքի առաջնությունը երկու համաշխարհային ռեկորդով. տեսանյութ

/Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) դարձել է Եվրոպայի չեմպիոնուհի՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ: Այդ մասին ասվում է Գեղասահորդների միջազգային միության կայքում:
Մարզիկները ներկայացնում էին ազատ ծրագիր ուրբաթ՝ հունվարի 27-ին:
Գեղասահորդուհին ստացավ 150.79 միավոր և հաղթանակ տարավ մրցաշարում 229,71 միավորով: Երկու ցուցանիշներն էլ համաշխարհային նոր ռեկորդներ են: Երկրորդը ռուս Աննա Պոգորիլայան է (211,39), երրորդը՝ իտալուհի Կարոլինա Կոստները՝ (210,52):
Մեդվեդևան դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի: Բացի այդ, նա հաղթել է Գրան պրիի վերջին երկու եզրափակիչներում և աշխարհի առաջնությունում:
17-ամյա մարզիկը համաշխարհային գործող ռեկորդակիր է կարճ և ազատ ծրագրերում հավաքած միավորներով, հայտնում է lenta.ru-ն:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Չեխիայի Օստրավայում հունվարի 25-ից 29-ը: