Ֆրանսիայի «Պուատուի հայերը» հայկական համայնքի կրթօջախը Հայոց բանակի 25-ամյակին նվիրված բաց դաս է անցկացրել: Միջոցառումից հետո համայնքի նախագահ Անուշ Գրիգորյանը
«Հայերն այսօր»-ին է փոխանցել կրթօջախի երկու սաների նկարները՝ մեկնաբանելով երեխաների մտքերը:
Սամուել Ստեփանյան, 8 տարեկան
Նկարում տեսնում ենք պատերազմական դրվագ, հայ զինվորն ընդդեմ թշնամու: Հայ զինվորի մի ձեռքը վնասված է դանակի հարվածի արդյունքում: Վերևում տեսնում ենք, երեխայի բառերով ասված, «Աստված պապիկի» նկարը և հայկական խաչը՝ նկարի կենտրոնական մասում: Աջ կողմում տեսնում ենք «թուրք զինվոր», որի սիրտն է վնասված, արյունով պատված: Երբ երեխային հարցրեցի՝ ի՞նչ է դա նշանակում, նա պատասխանեց. «Աստված պապիկը վերևից տեսնում ա մեր զինվորին ու անպայման կօգնի ու չի թողնի, որ մեռնի»: Իմ կարծիով՝ հայ զինվորի աջ ձեռքը դեպի վեր նշանակում է, որ զինվորը դիմում է Աստծո օգնությանը: Երեխայի կարծիքով Աստված միայն հայերի կյանքն է փրկում:
Ներքևում տեսնում ենք Հայաստանի ու Արցախի դրոշները, առյուծի նկար` որով երեխան արտահայտել է զինվորի ուժը, վերջինիս ապացույցն է նաև մարզվող զինվորի պատկերը:
Պատահական չէ նաև նկարի ձախ կողմում ևս մեկ խաչի ներկայությունը: Խաչը նկարվել է այն կողմում,որտեղ հայ զինվորն է: Իմ կարծիքով կարևոր է նաև այն փաստը, որ հայ զինվորը մենակ է, իսկ թշնամու կողքին կա ևս մեկ զինվոր, որը փորձում է նրան օգնել: Բայց ինչպես արդեն նշվեց, մեջբերեմ երեխայի բառերը. «Աստված պապիկը մեր կողմից ա Անուշիկ քուրիկ»:
Վարդան Ղազարյան, 11 տարեկան
Այս նկարում տեսնում ենք երկու արտահայտիչ կողմեր. հայ զինվորը` զենքը ձեռքին, կատարյալ առողջ վիճակում, իսկ մյուս կողմում՝ թշնամու երկու զինվոր, որոնցից մեկն ընկած է գետնին, իսկ մյուսն արյունաքամ է լինում:
Բաց դասի ընթացքում բազմիցս նշել եմ, որ հայ զինվորները լինելով սակավաթիվ, կարողացել են հաղթել թշնամուն: Դա այնքան է տպավորել երեխաներին, որ բոլոր նկարներում առկա է միայնակ հայ զինվոր ու մեկից ավելի թշնամի:
Երեխան նկարի ձախ՝ «հայկական» կողմը վառ արտահայտելու նպատակով նկարել է Սիսն ու Մասիսը և անբաժանելի հայկական խաչը: Հայկական կողմի հաղթանակը արտահայտելու համար նկարի ձախ կողմում տեսնում ենք հայկական դրոշն ու «100» թիվը, իսկ աջ կողմում`միայն « 0». հաղթանակը մեր կողմն է:
Բաց դասի ընթացքում երեխաների հետ քննարկեցինք նաև մի քանի տողեր՝ նվիրված զինվորներին: Վարդանն ընտրեց «Աստված քեզ պահապան, հա´յ զինվոր» նախադասությունը: Երբ հարցրեցի ընտրության պատճառը, պատասխանեց. «Ուզում եմ, որ «Աստված պապիկ»-ի ներկայությունն էլ լինի»: