«Հայկական ուտեստների երեկո» Իտալիայում

Հունվարի 20–ին Իտալիայի Տորինո քաղաքի Սանտ Ամբրոջիո Դի Տորինո ավանում 108 իտալացիներ հայկական ուտեստներ համտեսելու հրավեր են ստացել: Նախաձեռնության հեղինակ Խորեն Բողիկյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ Տորինոյում հաստատվելուց հետո նկատելով, որ այնտեղ հայերը սակավաթիվ են, միտք է հղացել մի հավաքույթ կազմակերպել, որտեղ հնարավորություն կունենա իտալացիներին ցույց տալ, թե ինչպիսի ազգ ենք, պատմական ու մշակութային ինչ անցյալ ունենք:

«Հայկական ուտեստների երեկո»-ին, որին ներկա են եղել  Սանտ Ամբրոջիո Դի Տորինոյի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլք, հյուրասիրել են խաշլամա, քաբաբ, բանջարեղենով աղցաններ, լցոնած կարտոֆիլ, իսկ վերջում՝ հայկական սուրճ ու փախլավա:

Հյուրասիրությունից բացի՝ իտալերեն լեզվով Հայոց ցեղասպանության և հայկական մշակույթի մասին փաստագրական ֆիլմեր են ցուցադրել:

«Իտալացիները հուզված ու տպավորված էին ֆիլմերի ցուցադրությունից: Մոտենում էին մեզ և իրենց  զգացողություններով կիսվում, իսկ ուտեստները շատ էին հավանել, հատկապես՝ լցոնած կարտոֆիլն ու փախլավան»,-նշեց Խորեն Բողիկյանը՝ հավելելով, որ միջոցառումն իրականություն է դարձրել իր ընտանիքի անդամների հետ միասին. մայրն ու կինը ուտեստներն են պատրաստել, իսկ հայրը կազմակերպչական հարցերում օգնել:

Միջոցառման ավարտին նախաձեռնության կազմակերպիչները պատասխանել են հնչեցված հարցերին՝ շեշտելով այն մասին, որ փորձելու են նմանօրինակ հանդիպումները շարունակական դարձնել:

11115

14

Scroll Up