Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված մատենաշար

Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում հունվարի 23-ին տեղի է ունեցել ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձեւ» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը:

Հատորներից յուրաքանչյուրում հեղինակը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները, անդրադառնում որոշակի տարածաշրջանի հերոսներին։ Հերթական հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես նաեւ Արցախյան պատերազմում զոհված Սիսիանի տարածաշրջանի հերոսներին։

Նշենք, որ մատենաշարի 10-րդ հատորը տպագրվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհային ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Գիրքը տպագրվել է 500 օրինակով, այն տրվելու է զորամասերին, գրադարաններին, ուսումնական հաստատություններին:

Գրքում ներկայացված է ապրիլյան պատերազմում զոհված 73 հերոսի կյանքի ու սխրանքի պատմությունը։ Այդ հատվածը տիկին Մարտիկյանը վերնագրել է «Հրով լեցուն հրադադար»:

Խոսելով գրքի մասին՝ հեղինակը նշել է. «Այս աշխատանքի մասին շատերն են ասում՝ ապրեցնող, ապրելու բանաձեւ է: Համամիտ եմ այդ կարծիքին: Այստեղ ամբարված է ոչ թե լալու, այլ հպարտանալու պատմություն՝ հայոց նախնադարյան, նախաստեղծ պատմությունից սկսած մինչեւ մեր օրերը: Գիրքը պատմում է քառօրյա պատերազմի տղաների մասին՝ ներառելով ողջ հայոց պատմությունը, հայի տեսակի պատմությունը, ինչպիսին պետք է լինի հայը, որ աշխարհին համոզի ու ապացուցի, որ քաղաքակրթությունը մենք ներմուծեցինք աշխարհ, հիմա պատրաստվում ենք կայանալ այնպես, որ շարունակենք խաղաղ ապրելու քաղաքակրթությունը տարածել աշխարհում: Իսկ մեր տղաները պատրաստ են իրենց  կյանքի գնով խաղաղություն ապահովել», գրում է news.am-ը:

Հատորյակում ներկայացված են Արցախյան պատերազմում զոհված` Սիսիանի տարածաշրջանի հերոսներն ու ապրիլյան քառօրյայի անմահները:

Միջոցառմանը ներկա էին զոհված տղաների հարազատներ, ում եւ Գոհար Մարտիկյանը նվիրեց գրքի օրինակներ։

Scroll Up