Նամակ Հայոց բանակի զինվորներին

Ողջո՜ւյն, զինվո´ր։

Մենք ծանոթ չենք, բայց ես քո մասին շատ բան գիտեմ։

Գիտեմ, օրինակ, որ օրդ հագեցած է, որ զինվորական համազգեստը քեզ շատ է սազում, որ դու հպարտությամբ ես կրում այն և զենքի հետ էլ արդեն սովորել ես «դու»-ով խո­սել։ Գի­տեմ նաև, որ հեշտ չէ զինվոր լինելը, և մարտա­կան պատրաստականությունն էլ հեշտ չի տրվում։ Գուցե հենց այդ պատճառով է, որ ասում են, թե բանակը երիտա­սարդին տղամարդ է դարձնում։ Դպրոցում մեզ սովորեցնում են, որ զինվորը պետք է կարգապահ լինի, ֆիզիկապես կոփված, ամուր, մարտունակ և խելացի։ Զինվորը պետք է մեծ կամք ունենա՝ դիմագրավելու համար վերահաս փորձություններին։

Դու հաստատ այդպիսին ես. չէ՞ որ զինվորն ես այն բանակի, որի երակներում Վարդանանց արյունն է հոսում: Ասենք, ինչո՞ւ միայն Վարդանանց: Հայոց բոլոր դարերի լավա­գույն զավակների երազն է ամբարել մեր բանակն իր մեջ ու պատրաստ է կենաց-մահու պայքար մղե­լ այդ ե­րազն անաղարտ պահելու համար։

Ասում են՝ ամեն սերունդ իր պատերազմն ունի։ Մեր հայրերին Արցախյան պատերազմը բաժին ընկավ, և ճակատագրի կամոք այնպես եղավ, որ Հայոց ազատարար բանակը մեզ համար դարձավ արցունքոտվելու չափ մոտ ու հարազատ։ Հայոց բանակը իմ հայրն է, որ վիրավորվել է ռազմի դաշտում, իմ եղբայրն է, որին երկու օր առաջ ենք ճանապարհել զինվո­րական ծառայության, քրոջս սիրած տղան է, որն ամեն շաբաթ նամակներ է գրում բա­նակից, մեր բակի այն վեց տղաներն են, որոնք պատերազմի օրերին կամավոր մեկնեցին ռազմաճակատ և չսարսռացին թշնամուց…

Ես գիտեմ, որ դու շատ երազներ ունես. շտապում ես ավարտել ծառայությունդ և տուն դառնալ, որպեսզի շարունակես ուսումդ, շենացնես հայրենի տունդ, երջանկացնես այն աղջկան, ում նամակները պահում ես բարձիդ տակ ու թաքուն կարդում ես ամեն գիշեր։ Դու չես սիրում խոսել այն մասին, որ հասցրել ես նայել մահվան աչքերին, և երբ թշնամու գնդակը խոցել է ընկերոջդ, ձեռքդ ավելի ամուր է բռունցքվել, ու սիրտդ այրվել է վրեժի հրով։ Ես գիտեմ՝ դու արդար գործի նվի­րյալ ես, ու եթե ստիպված լինես պատերազմելու, ապա դա կլինի սրբազան պատե­րազմ, քանզի այն մի նպատակ կունենա միայն՝ պահել-պաշտպանել երկիր հայրենի։ Ու թեև դու ամեն առիթով չես սիրում ուժդ ցուցադրել, ես հավատում եմ քո բազկի զորու­թյա­նը։

Ասում են՝ մարդն իր կյանքում երեք անգամ պիտի երդվի միայն. երեք երդում կա, որ հաճելի է Աստծուն.

–    սիրել սեփական ծնողներին ու հնազանդվել նրանց կամքին,

–    ամուր պահել սեփական ընտանիքը,

–    անմնացորդ ծառայել հայրենիքին, շենացնել հայրենի երկիրը։

Եվ եթե առաջին երկու երդումը մարդ շշնջում է միայն իրեն լսելի ձայնով, շշնջում է աղոթքի նման, ապա վերջինը կարող է բարձրաձայնել ի լուր իր հրամանատարների (և աշ-խարհի) ու հետո ողջ կյանքն ապրել՝ այդ երդմանը հավատարիմ։

Սիրելի´ եղբայրս (թո´ւյլ տուր քեզ այդպես դիմել), ես գիտեմ, որ հայրենիքի հենց առաջին կանչով դու հոժարակամ դեպի մահ կգնաս։ Ես էլ չեմ երկնչի, եթե (Աստված չանի) վտանգ­վի հայրենի հողը: Մեր բազուկը չի դողա, քանզի զորանում է Հայկ Նահապետի, Արա Գեղեցիկի ու Տիգրան Մեծի հայրենասիրության շնչով։

Մենք նոր խոսք ունենք աշխարհին ասելու։ Իսկ դրա համար դեռ ապրել է պետք և հզորանալ։ Մեր բանակը և Աստված մեզ ապավեն:

Ամո´ւր մնա, հարազա´տս։

Գրկում և համբուրում եմ քեզ։

Քո կրտսեր ընկեր և ապագա զինվոր՝

Կարեն Հակոբյան, 17 տարեկան

Հ.գ.   Ների´ր նամակիս հռետորական շնչի համար. պարզապես հայոց բանակի մասին խոսելիս ոգևորությունս հորդանում է։

ՈՒղարկում եմ տատիկիս պատրաստած չրերից և քույրերիս թխած մեղրահացը։ Վստահ եմ, որ կհավանես։

28 հունվարի, 2017թ.

Մոսկվա

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

Scroll Up