Կարոտում ենք Հրանտ Դինքին, ով ամեն մարդու, ամեն լեզվի, հավատքի, ամեն խոսքի հավասար էր վերաբերվում

Տաս տարի առաջ այս օրը՝ հունվարի 19-ին,  Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ՝ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցից սպանվեց ստամբուլահայ հայտնի հասարակական գործիչ, լրագրող, հայկական «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը։

Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում: «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Դինքի սպանության դատավարությունը բավականին երկար ու խայտառակ մի գործընթաց է: Թեև եղան ցուցմունքներ, որոնք վկայում էին, որ Դինքի սպանությունը նախապես ծրագրված գործողություն էր, որին տեղյակ էին պաշտոնական մակարդակով, սակայն դատական ողջ գործընթացը վերածվեց խայտառակության:

Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում՝ Սարգիս եւ Գյուլվարդ Դինքերի ընտանիքում: 7 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Ստամբուլ, որից հետո ծնողները բաժանվում են, իսկ Հրանտը եւ 2 եղբայրները՝տեղափոխվում Ստամբուլի Գեդիկփաշայի մանկատուն:

Սովորել է նախ Պեզճյան վարժարանում, ապա՝ Սուրբ Խաչ դպրեվանքում:  1978թ. ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության, 1987թ.՝ փիլիսոփայության ֆակուլտետները: Կարճ ժամանակ անց ամուսնացել է Ռաքելի հետ, ով եւս մանկատան սան էր:

Զինվորական ծառայությունից հետո, աշխատել է որպես լրագրող: 1996թ. ապրիլի 5-ին Ստամբուլում լույս տեսավ Հրանտ Դինքի հիմնադրած «Ակօս» երկլեզու թերթի առաջին համարը: Այն հայերեն եւ թուրքերեն լեզուներով միակ թերթն է:  Թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնեց Հրանտ Դինքը:

Հայոց ցեղասպանության հարցում Դինքը հակադրվում էր Թուրքիայի պաշտոնական տեսակետին, հակադրվում էր բացահայտ՝ մամուլի էջերում: 2005թ. Դինքը դատապարտվեց 6-ամսյա պայմանական բանտարկության՝ տխրահռչակ 301 հոդվածով: Սա մեկն էր նրա դեմ եղած դատական գործերից: Դինքը բողոքարկեց վճիռը՝ հասնելով մինչեւ Եվրադատարան: Վերջինս միայն նրա մահից հետո՝ 2010թ. արդարացրեց Դինքին:

Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող նշանավոր հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է, մնում էր հանգիստ։ Նա նպատակ ուներ երկու` հայ և թուրք ժողովուրդների միջև բարեկամությու հաստատել, սակայն նախապես Թուրքիային իր նյութերով ճանաչել տար սեփական պատմությունը:

Շատերը Դինքին հորդորում էին լքել Թուրքիան՝ փրկելով իր կյանքը, սակայն նա այդ հորդորներին ի պատասխան ասում էր. «Սա իմ երկիրն է: Ամենևին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածել եմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն պահերին, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս: Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել… Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք, ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915 թվականին մեր պապերը… Առանց իմանալու դեպի ուր… քայլելով այն ճանապարհներով, ինչ ոտաբոբիկ իրենք են անցել… տանջվելով և ապրելով նրանց վիշտը… Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք հայրենիքը»:

«Կարոտում ենք Հրանտ Դինքին, ով ամեն մարդու, ամեն լեզվի, հավատքի, ամեն խոսքի հավասար էր վերաբերվում». այս խոսքերով են 2016 թվականի հունվարի 19-ին «Ակօսի» դիմաց հավաքված Հրանտ Դինքի ընկերները խնկարկել Դինքի հիշատակը։

%d5%a4%d5%ab%d5%b6%d6%84%d5%a4%d5%ab%d5%b6%d6%841

Scroll Up