Աբդուլ Համիդին չես կարող վիրավորել, դու Հայաստանի պատգամավոր չես, այլ՝ Թուրքիայի. թուրք պատգամավորները Կարո Փայլանին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի` Հայոց ցեղասպանության մասին ելույթը թուրք պատգամավորներն ընդհատել են «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով:

Փայլանը, մասնավորապես, հայտարարել է, որ 1913-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել»:

Թուրք պատգամավորները դահլիճից բղավել են. «Այս հողերում ցեղասպանություն չի եղել, Մեջլիսի ամբիոնից թուրք ժողովրդին չես կարող վիրավորել, Աբդուլ Համիդին չես կարող վիրավորել, դու Հայաստանի պատգամավոր չես, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր ես»:

Սակայն հայազգի պատգամավորը շարունակել է խոսքը` ասելով. «Ժամանակին մենք 20 տոկոսն էինք բնակչության, այսօր 1000-ի մեջ մեկն ենք: Ինչ-որ բան եկել է հայ ժողովրդի գլխին, ես դրան ցեղասպանություն եմ ասում, դուք ինչպես ուզում եք այն անվանեք: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է եկել իր գլխին: Սրան դուք անուն տվեք, ես էլ` ընդունեմ, թե մեր գլխին ինչ է եկել: Ես նախնիներիս, պապիս գլխին թե ինչ է եկել` շատ լավ գիտեմ: Մեր գլխին մի բան եկել է, և եկեք դուք այն անվանեք, միասին առերեսվենք»:

Դրանից հետո թուրք պատգամավորները թույլ չեն տվել Փայլանին շարունակել իր խոսքը: Հայազգի պատգամավորը դիմել է խորհդարանի փոխխոսնակ Ահմեթ Այդանին. «Սա ի՞նչ է, հարգելի խոսնակ, չե՞ք միջամտելու»:

Սակայն փոխխոսնակին նույնպես չի հաջողվել հանգստացնել կրքերը, փոխարենը նա խնդրել է Փայլանին «ուշադրություն դարձնել իր խոսքերին և չվիրավորել թուրք ազգին»:

Փայլանը պահանջել է ևս 5 րոպե ելույթի համար, սակայն փոխխոսնակը տրամադրել է ընդամենը մեկ րոպե, որի ընթացքում էլ հայազգի պատգամավորին չի հաջողվել շարունակել ելույթը պատգամավորների բոյկոտի պատճառով:

Նրան «ցեղասպանություն» եզրույթի համար պատժել են` հեռացնելով 3 նիստի մասնակցելու իրավունքից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից, գրում է tert.am-ը :

tbmmjpgkypxbsf2

Scroll Up