Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնակատարությունները Ռումինիայի Հայոց թեմում

Հունվարի 5-ի երեկոյան Ռումինայի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում ղողանջեցին զանգերը՝ ազդարարելով Տիրոջ Ծննդյան փրկարար ավետիսը: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի տնօրինությամբ ու օրհնությամբ տոնական Ս. Պատարագներ մատուցվեցին ու միջոցառումներ իրականացվեցին գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից:
Բուխարեստ – Առաջնորդանսիտ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Եկեղեցում հունվարի 5-ին Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցեց Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը՝ ներկա հավատավոր բազմությանն ուղղելով իր պատգամն ու ավետելով Տիրոջ Ծննդյան բարի լուրը՝ մասնավորապես նշելով. «Եկեք ուրախությամբ ու ցնծությամբ ընդունենք մեր փրկութեան պարգևը` Մարդացյալ Աստվածորդուն: Նրան ապավինելով, որպես նոր մարդ, արդարությամբ ու եղբայրասիրությամբ կառուցենք մեր վաղվա օրը, վաղվա նոր կյանքը Ռումինահայ գաղութից ներս՝ ամուր պահելով մեր հավատը, լեզուն և ազգային արժեքները: Տիրոջ օրինակով չպիտի երկնչենք ու վախենանք դժվարություններից ու խոչընդոտներից, այլ ամեն ջանք պիտի ներդնենք նորոգված հավատով մարմնավորելու ու կյանքի կոչելու մեր բոլոր իղձերն ու գալիքի լուսավոր ծրագրերը: Անաղարտ պահենք առաքելական սուրբ հավատքը մեր հայրերի և նրանց օրինակով ստեղծենք մնայուն ու հարատև արժեքներ՝ ի վայելումն ազգիս հայոց: Եկեք աղոթենք Նորածին Փրկչի մսուրի առջև, որ Իր ամենառատ շնորհներով նորոգվեն մարդկային հոգիները և ողորմության, խաղաղության, արդարության ու ճշմարիտ եղբայրասիրության ճանապարհներով ուղղորդվեն: Աղոթենք, որ Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության խորհրդով երկնային շնորհներն ու պարգևները առատանան աշխարհում` համայն մարդկությանն առաջնորդելով դեպի խաղաղություն և փրկություն: Աղոթենք առ Բարձրյալն Աստված, որ Տերն անսասան ու անխռով պահի Ռումինիայի Հայոց թեմը, հայ և ռումին ժողովուրդներին, ռումին պետությունը, Հայաստան և Արցախ աշխարհները և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»:
Հունվարի 6-ին Թեմակալ Առաջնորդի կողմից մատուցվեց Ս. Պատարագ՝ հավարտ որի կատարվեց Ջրօրհնեքի կարգ: Պատարագի արարողությանը մասնակցում էին արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան, Հայկ սրկ. Ազարյանը, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ուսանող Ջորջ ուրարակիր Դամիանը, Վահե դպիր Հովակիմյանը, Կարեն դպիր Բուլուտյանը: Պատարագին ներկա էր նաև Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Համլետ Գասպարյանը: Նույն օրը երեկոյան Բուխարեստի հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցեցին Ռումինիայի Հայոց թեմի, Ռումինիայի Հայոց միության և Բուխարեստի ծխական խորհրդի կողմից կազմակերպված տոնական ճաշկերույթին ու միջոցառմանը, որին ներկա էին Առաջնորդ Սրբազան Հայրը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ղեկավար, Ռումինահայոց միության փոխնախագահ տիար Վարուժան Փամբուկչյանը և ուրիշներ:
Հունվարի 8-ին Ռումինիայի Հայոց թեմի և Ռումինիայի Հայոց միության համատեղ ջանքերի շնորհիվ Բուխարեստի հայ համայնքի երեխաներին այցելեց Ձմեռ Պապը՝ իր հետ բերելով նվերներ ու անուշեղեն:
Կոնստանցա – Կոնստանցայի հայ համայնքում Ս. Ծննդյան միջոցառումները մեկնարկեցին դեռևս 2016թ. դեկտեմբերի 23-ին: Ռումինիայի Հայոց միության Կոնստանցայի մասնաճյուղի կողմից կազմակերպվեց Ս. Ծննդյանը նվիրված տոնական համերգ, որին մասնակցեցին սոպրանո, երեցկին Արմինե Խաչատրյանը, մեցոսոպրանո Սոնյա Թաթոսյանը, դաշնակահարներ Արամ Մարիուս Նիցան և Դարիա Շտեֆանիա Սարգսյանը:
2017թ. հունվարի 5-ի երեկոյան Ճրագալույցի Ս. Պատարագ մատուցվեց Կոնստանցայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում: Պատարագիչն էր ծուխի հոգևոր հովիվ, արժ. Տ. Օշական քհն. Խաչատրյանը: Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ տոնական միջոցառում և հանդես, որից հետո համայնքի երեխաներին այցելեց Ձմեռ Պապը՝ իր հետ բերելով բազում նվերներ: Միջոցառումները կազմակերպվել էին Ծխական խորհրդի և Ռումինիայի Հայերի Միության Կոնստանցայի մասնաճյուղի կողմից՝ օրհնությամբ հոգևոր հովվի:
Հունվարի 6-ին մատուցվեց Ս. Պատարագ, որից հետո կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ բազմությանը:
Պիտեշտ – Հունվարի 7-ին ձեռամբ Թեմակալ Առաջնորդի Ս. Պատարագ մատուցվեց Պիտեշտ քաղաքի Ս. Հովհանես Մկրտիչ եկեղեցում, որից հետո կատարվեց Ջրօրհեքի կարգ:
Սուչավա – Հունվարի 5-ին և 6-ին Ճրագալույցի և Աստվածահայտնության Պատարագներ մատուցվեցին նաև Սուչավայի հայոց եկեղեցիներում և կատարվեց Ջրօրհնեք՝ ձեռամբ հոգևոր հովիվ արժ. Տ. Թորգոմ քահանա Մանդալյանի:
Բաքըու – Հունվարի 6-ին Բաքըու քաղաքում Ս. Պատարագ մատուցեց արժ. Տ. Ավետիս քահանա Մանդալյանը՝ կատարելով նաև Ջրօրհնեքի կարգ: Ռումինիայի Հայոց միության Բաքըուի մասնաճյուղի և Տեր Հոր ջանքերով տեղի ունեցավ նաև միջոցառում, երեխաներին իր այցելությամբ ու նվերներով ուրախացրեց Ձմեռ Պապը:
Բոտոշան – Հունվարի 7-ին Բոտոշանի Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագ մատուցեց հոգևոր հովիվ արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան՝ կատարելով նաև Ջրօրհնեքի կարգ: Ռումինիայի Հայոց միության Բոտոշանի մասնաճյուղի կողմից կազմակերպվել էր նաև տոնական միջոցառում և ճաշկերույթ, իսկ վերջում փոքրիկներին այցելեց նաև ձմեռ Պապը:
Տիրոջ Ծննդյան տոնը նշվեց նաև Գալաց, Բրըիլա, Թուլչա, Յաշ, Ֆոկշան, Ռոման և Թեմի այլ քաղաքներում: Հունվարի 7-ին բոլոր եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն և աղոթք բարձրացվեց առ Աստված ննեցյալների հոգիների խաղաղության ու փրկության համար:
Այնուհետև Թեմի հոգևորականաց դասը սկսեց այցելել հավատավոր զավակների տները՝ տանելով Փրկչի Ծննդյան ավետիսը, օրհնելով բոլոր ընտանիքներին ու տան բարիքները՝ մաղթելով առողջ, խաղաղ ու օրհնաբեր տարի: