Հայկական բժշկական ընկերության դերը հայության գոյապայքարում. Սաիթ Չեթինօղլուի գրախոսականը

Թուրք պատմաբան Սաիթ Չեթինօղլուն գրախոսական է գրել Արսեն Յարմանի կողմից հրատարակված «Հայկական բժշկական ընկերությունը. 1912-1922» գրքի համար: Գրքում հեղինակը ներկայացնում էընկերության պատմությունը, որի հիմնադիրների մեծ մասը եղել են Ստամբուլի լավագույն բժիշկները: «Արմենպրես»-ը ներկայացնում է Չեթինօղլուի գրախոսականն ամբողջությամբ:
«Թուրքահայ պատմաբան Արսեն Յարմանն այս անգամ ընթերցողին է ներկայացնում մոռացված Հայկական բժշկական ընկերության պատմությունը, որի հիմնադիրների մեծ մասը ժամանակի Ստամբուլի ամենափայլուն բժիշկներն էին՝ յուրաքանչյուրն իր ասպարեզում, ինչպես նաև ընկերության տպագիր «Դարման» պարբերականը: Յարմանը, կենտրոնանալով Հայկական բժշկական ընկերության (1912-1922) գործունեության, տպագիր մամուլ հանդիսացող «Դարման» հանդեսի վրա, լույս է սփռում հայ ժողովրդի ամենաալեկոծ, ամենափոթորկոտ տարիների գոյապայքարի վրա: Հեղինակը, ընթերցողին ներկայացնելով Ընկերության պատմությունը՝ առանցքում ունենալով հայ բժշկության պատմությունը, իրականում խոշորացույցի տակ է առնում հայ հասարակության տասնամյա ժամանակահատվածի ողբերգական պատմությունը: Ուսումնասիրության մեջ ներկայացված են Առաջին աշխարհամարտի նախօրյակին, զորահավաքին, պատերազմի, ցեղասպանության ընթացքում տիրող իրադրությունը, պատերազմից հետո բախտի բերմամբ ողջ մնացածների վերադարձի, դիմադրության և այլ փուլերում հայությանը ոսպնապակու տակ առնող շատ վկայություններ: Յարմանը մի կողմից բացահայտում է հայ հասարակության տասնամյա պատմական ժամանակահատվածը, մյուս կողմից կարող ենք ասել, որ նրա աշխատանքն անցել է ընդգրկուն միկրոպատմության սահմանները և դարձել հայոց պատմության մանրակրկիտ ուսումնասիրություն: Արսեն Յարմանի աշխատությունը որոշ իմաստով Օսմանյան բժշկության պատմությունն է: 490 էջանոց ուսումնասիրությունը՝ 480 բժշկի կենսագրությամբ և 100 լուսանկարներով, կենտրոնանում է օսմանյան պալատի, Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմների գլխավորությամբ օսմանյան պատերազմների և Ազգային գոյապայքարի տարիների անձնազոհ հայ բժիշկների վաստակի վրա՝ բացահայտելով բժշկության պատմության կարևոր փուլը: Նա վեր է հանում այնպիսի մարդկանց անուններ, որոնք մոռացության են մատնվել, և որոնց այսօր մենք շատ բան ենք պարտք, և օրակարգ է բերում անհայտ կամ մոռացված իրադարձություններ: Հայ բժիշկները Եվրոպայում, մասնավորապես Իտալիայի և Ֆրանսիայի համալսարաններում ստացած կրթության շնորհիվ մեծ ներդրում են ունեցել օսմանյան բժշկության և բժշկական կրթության մոդեռնացման գործում: Եղել են օսմանյան պալատում ծառայող, սուլթանին և նրա մտերիմներին անձնական բժշկական ծառայություն մատուցող բազմաթիվ հայ բժիշկներ (Շաշյան ընտանիքը, Սերվիչեն, Սնապյան, Խորասանջյան)՝ սկսած Ամիրդովլաթ Ամասիացուց: Օսմանյան բժշկության, հետևաբար մեր օրերի բժշկության հիմնաքարերը դրվել են հայ բժիշկների կողմից: Սա հնարավոր է տեսնել Թուրք բժիշկների միության պատմության մեջ:
Հայկական բժշկական ընկերության հիմնումը և «Դարման» տպագիր օրգանը
Ընկերության տասնամյա պատմությունը բաժանվում է երեքական տարի տևողությամբ երկու ընդմիջվող շրջանի: Առաջին շրջանում (1912-1915)՝ նախապատերազմյան երեք տարիներին, Հայկական բժշկական ընկերությունը բողոքում էր Միություն և Առաջադիմություն կուսակցության և Երիտթուրքական հեղաշրջման՝ «հավասարություն, ազատություն, արդարություն» կարգախոսի գործնականում չկիրառվելուց, հայ բժիշկների արժանիքների արդարացի չգնահատվելուց և նրանց խտրականության ենթարկվելուց:
«Հայկական բժշկական ընկերությունը միևնույն ժամանակ հրապարակ է դուրս գալիս որպես Օսմանյան կայսրության անցկացրած քաղաքական և սոցիալական վերափոխության հետևանք»: Արսեն Յարմանի՝ Ընկերության ստեղծման շարժառիթների վերաբերյալ այս խոսքերը հնարավորություն են տալիս աշխատությունն ընթերցել ոչ միայն որպես Ընկերության, այլև որպես Միություն և առաջադիմություն կուսակցության համառոտ և խտացված պատմություն: Միություն և առաջադիմությունը քարոզում էր նոր և արդար «օսմանիզմի» գաղափարը, սակայն հայ բժիշկները 1911թ. նկատել են, որ արժանիքների և ունակությունների բավարար լինելու դեպքում անգամ չէր նշանակում նրանց հանրային հաստատություններում, և հետաքրքրված չէր նրանց իրավունքների պաշտպանությամբ: Ահա այս վերաբերմունքն էր, որ դրդեց նրանց ստեղծել հայկական բժշկական ընկերությունը, հատկապես հետաքրքրվել Ստամբուլի և գավառների բոլոր հայ բժիշկների խնդիրներով՝ ուժեղացնելով նրանց միջև համագործակցությունը: Չորս տարին պետք է որ բավարարեր բոլոր պետական հեղինակությունների՝ հավասար և արդար օսմանիզմի գաղափարի պաշտպանության և կիրառության համոզմունքին հասնելու համար: Հայկական բժշկական ընկերության ստեղծման ժամանակ՝ 1912թ., արդեն սկսել էր պակասել նրանց թիվը, ովքեր լիահույս էին ազատությունների ընդլայնման հարցում: Ժամանակի անարդարության դեմ համատեղ պայքարի մղող մթնոլորտը համապատասխան վարչություններին բողոքագրով դիմելու գաղափարի փոխարեն վեր հանեց բժշկական ընկերություն հիմնելու այլընտրանքը, որը բժիշկներին կտար միասնաբար գործելու հնարավորություն: Անցած ժամանակահատվածի ընթացքում տեղի ունեցածը ցույց տվեց, որ օսմանիզմի իդեալը մի քանի տարվա մեջ մեծ չափով և անդառնալիորեն սպառել էր իրեն: Բալկանյան պատերազմի ընթացքում երկրում տիրող քաղաքական մթնոլորտը բավական հեռու էր ազատությունների ընդլայնման հույսն արդարացնելուց: Ներկայացված դիմումներից ոչ մի արձագանք չստանալով՝ հստակ դարձավ, որ անկարելի է բողոքագրերից արդյունք ակնկալել և միասնական շարժումը կազմակերպելու գաղափարի հասունացմամբ ձևավորվեց Հայկական բժշկական ընկերությունը: Բալկանյան պատերազմից անմիջապես հետո ստեղծված ընկերությունը գործունեությունն սկսել է պատերազմի աստիճանաբար աճող սպառնալիքի պայմաններում և կարճ ժամանակ անց իրեն գտել է հայ հասարակության համար ծայրաստիճան ավերիչ հետևանքներ ունեցած Առաջին համաշխարհային պատերազմի բովում: Այս ընթացքում որպես պետական քաղաքականություն 1915թ. գործի դրված հայերի տեղահանությունը շատ ծանր հետևանքներ է ունեցել ոչ միայն հայ հասարակության, այլև հենց Հայկական բժշկական ընկերության համար: Տեղահանության ընթացքում սպանվել է Ընկերության հիմնադիր անդամներից դոկտոր Նազարեթ Տաղավարյանը: 1912թ. հիմնված Հայկական բժշկական ընկերության գործունեությունը տևել է ընդամենը մի քանի տարի. Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում, անտեսելով Բալկանյան պատերազմներում ընկերության անդամ բժիշկների կատարած գործերը, 1915թ. արգելվեց ընկերության գործունեությունը: Այս արգելքը ձգվում է մինչև 1919թ., երբ ընկերությունը վերսկսում է աշխատանքները դոկտոր Վահրամ Թորգոմյանի գլխավորությամբ: Ընկերության՝ հետպատերազմյան՝ երկրորդ շրջանում (1919-1922) հայ հասարակության մտահոգությունները տեղափոխվում են բոլորովին այլ հարթակ: Հայ հասարակությունը՝ որպես մեկ ամբողջություն, դեմ հանդիման կանգնած է գոյապայքարի հիմնախնդրի առաջ, որի հիմնական ճանապարհը քաղաքական գործընթացներից քաջատեղյակ լինելն ու դրանց վրա ազդելու կարողությունն է: Այս տեսանկյունից Ընկերությունն աշխատել է գործունեություն ծավալել բժշկությունից մինչև քաղաքականություն ընկած լայն տեսածիրում: Ընկերության տպագիր օրգան «Դարմանը»՝ հայ գիտակների ձայնն ու ժամադրավայրը, այս վերջին շրջանի արգասիքն էր, որով Ընկերությունն ու «Դարմանը»՝ որպես համագործակցության օրգան, փոխլրացնում էին մեկը մյուսին: «Դարման» հանդեսը կայսրության հայ բժիշկների կողքին հենց սկզբից նպատակ է ունեցել լսելի դարձնել առողջապահության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր հատվածների ձայնը՝ հանձինս դեղագործների և ատամնաբույժների: Ընկերությունը տեր է կանգնում «տեղահանության» ընթացքում մահվան ճանապարհին կորած, կոտորված հայ ժողովրդի բժիշկ զավակներին. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած աղետի ընթացքում մահացած հայ բժիշկների, դեղագործների և ատամնաբույժների համար Ընկերության հրատարակած «Հիշատակարանը», որն ի մի է բերում Հայկական բժշկական ընկերության սպանված բժիշկների մասին տեղեկություններ և փաստեր, կոչվում է «Հայ բժշկության տված զոհերը՝ ցուցակագրված վավերագրական փաստերով»: Պատերազմի ընթացքում հայ ժողովրդի հանդիպած անարդարության հատուցման և արդարության վերականգնման համար այս հուշարձան-փաստաթուղթը՝ որպես ապացույց, ուղարկվել է զինվորական դատարան՝ վերջինիս ցանկության հիման վրա: Հայկական բժշկական ընկերությունը, չմոռանալով նահատակ զավակներին, ակտիվ դերակատարում է ունեցել հանրային հավաքական հիշողության ձևավորման գործում: Այն իր մասնակցությունն է բերում 1915թ. ապրիլի 24-ին տեղի ունեցած հայ մտավորականների աքսորի տարելիցի առթիվ Ստամբուլում կազմակերպված սգո արարողության հանձնաժողովին: Հայկական բժշկական ընկերությունն իր ներկայացուցիչն ունի ապրիլի 11-ի սգո հանձնաժողովում, որը նպատակ ունի խորհրդակցել այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ զոհված հայ մտավորականների այրիներին և երեխաներին անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերելու համար: Ընկերության՝ 1921թ. ապրիլի 24-ին տեղի ունեցած 8-րդ նիստում նախ խոսք է առել նախագահը և ժողովի բացման ժամանակ հիշեցնելով, որ այսօրվա նիստը համընկնում է ապրիլի 24-ի հետ, 10 րոպե դադար է տվել՝ որպես հարգանքի նշան: Այս ընթացքում ամբիոն բարձրացած դոկտոր Թորգոմյանը հայտնել է, որ հարգանքով խնկարկում է բոլոր զոհերի, այդ թվում՝ դոկտոր Փաշայանի, դոկտոր Տաղավարյանի, դոկտոր Սևակի և մյուսների հիշատակը: Ինչպես Ընկերությունն է տեր կանգնել «տեղահանության» ընթացքում տուժածներին, այնպես էլ տուժածների ընտանիքներն են իրենց հնարավորության սահմաններում փորձել փոխադարձաբար միավորել ուժերը Միության հետ: Մեկ այլ համերաշխության օրինակ է զոհված բժիշկների մտավոր պաշարների նվիրաբերումը հայ հասարակությանը: Տիկին Տաղավարյանը Հայկական բժշկական ընկերությանն ուղղված նամակում գրում է երջանկահիշատակ ամուսնու՝ դոկտոր Տաղավարյանի 101 հատոր ֆրանսերեն բժշկական գրքերի նվիրաբերման և գրքերը Հայաստան տեղափոխելու ցանկության մասին: Ժողովը երախտիքով է ընդունել այս նվիրաբերությունը և տիկին Տաղավարյանին պատվավոր անդամ հայտարարելով՝ որոշել է Ընկերության անունից նրան ուղարկել շնորհակալական նամակ: 1920թ. 9-րդ նստաշրջանը մեկնարկել է դոկտոր Մ. Խորասանջյանի այրու՝ երջանկահիշատակ ամուսնու և երիտասարդ տարիքում մահացած զավակի հիշատակին նվիրված մի նամակի ընթերցումով, որտեղ խոսվում է դոկտորի ավելի քան 600 կտոր բժշկական գրքերի՝ Հայկական բժշկական ընկերության գրադարանին նվիրաբերվելու մասին: Ժողովն այս նվիրաբերությունն ընդունել է երախտիքով, իսկ տիկին Խորասանջյանին և որդուն՝ փաստաբան Պետրոս Խորասանջյանին շնորհել պատվավոր անդամի կոչում: Ընկերության 12-րդ նիստն անցկացվել է 1921թ. հուլիսի 11-ին և մեկնարկել նախագահի պատմական հայտարարությամբ: Նախագահը, ժողովի բացմանը հայտնել է, որ այս օրը համընկնում է Հնչակյան 20 գործիչների կախաղան բարձրացվելու 6-րդ տարելիցի հետ և մասնավորապես ասել. «Հայկական բժշկական ընկերության անունից հայտնում եմ իմ վշտակցությունը և առաջարկում եմ մի պահ ընդմիջել ժողովը»: Բացի այդ, նախագահը ավելացրել է նաև, որ 1920թ. հոկտեմբերին Կարսում մեկ կրակոցով սպանվել է Ընկերության անդամներից դոկտոր Սուրյանը: Ծավալուն տեղեկություն է տրվել Փարամազի և ընկերների՝ 20 գործիչների մասին, որոնցից Բեննե Թորոսյանը բժիշկ էր, իսկ Հրանտ Եկավյանը՝ բժշկական վարժարանի ուսանող: Ընկերությունը ներկայացնում է նաև բժիշկ-հասարակություն համագործակցության մի օրինակ: Այն չի խնայել իր բժշկական և նյութական օժանդակությունը թուրքական Կարմիր մահիկից (Kızılay), հայկական Կարմիր խաչից, եկեղեցիներից, պատրիարքարանից, Հայաստանի առաջին հանրապետությունից, դպրոցներից, խմբերից, որբանոցներից, Կիլիկիայի դաժան պայմաններում գտնվող աղետի զոհերից… Ընկերությունն ու անդամ բժիշկներն իրենց աշխատանքներով կարևոր հանձնառություններ են իրականացրել 1915-ի գործընթացը նոր հաղթահարած վիրավոր հայ ժողովրդի վերքերը դարմանելու, նրանց հույս ներշնչելով ոտքի կանգնեցնելու գործում: Առաջին համաշխարհային պատերազմի և հայերի «տեղահանության» առաջացրած աղետի պայմաններում բնական պետք է համարել, որ հանդեսն աշխատել է տեղ տալ առողջապահության ոլորտի ողջ գործունեությանը: Այս տարիներին Ստամբուլի Հայկական բժշկական ընկերությունը դարձել էր մի կենտրոն, որ արձանագրում էր հայ հասարակության առողջապահական բոլոր կարիքները, ձեռք էր առնում անհրաժեշտ միջոցներ հիվանդությունների չտարածման համար, ժողովրդին տեղեկացնում էր առողջական խնդիրների մասին և զգուշացումներ էր անում հայ հասարակության ղեկավարներին՝ անհրաժեշտ միջոցների ձեռնարկման համար: Հայ հասարակության մեջ տիրող ծանր պայմանների պատճառով Ընկերությունն իր ուշադրությունն ու ուժերը կենտրոնացրել էր նախ և առաջ հասարակության խնդիրների լուծմանը: Առաջնային տեղ էր զբաղեցնում հայ հասարակության մնացուկներին տեղահանության արհավիրքի ազդեցություններից աստիճանաբար ազատելով ոտքի կանգնեցնելը, պաշտպանելը և դեպի ապագա ճանապարհելու մտահոգությունը: Ընկերության՝ 15 օրը մեկ անցկացրած բժշկական, հասարակական և քաղաքական քննարկումները հրապարակվել են «Դարմանի» էջերում: Այս արձանագրությունները ցույց են տալիս, որ հավաքներն իրականացվում էին այնպիսի ոգով, որտեղ մտավորականները գիտակցում էին ժողովրդի առջև ունեցած պատասխանատվությունը, ունեին անձնազոհության և ժողովրդի յուրաքանչյուր խնդրին ընդառաջ շտապելու պատրաստակամությունը: Պարբերական ժողովների արձանագրությունները որոշ իմաստով կարծես հայ հասարակության բարոմետրը լինեին. այս էջերի տողերում հնարավոր է տեսնել ուրախությունն ու տխրությունը: Ուշագրավ է, որ ժողովներում կարևոր էր էթիկական բանավեճը: Հայկական բժշկական ընկերությունը 1914թ. հունիսի 17-ի նիստում ընդունել է «Բժշկության բարոյական սկզբունքները» (Principes Déontologie Médicalé): «Դարմանում» արտացոլված ժողովի արձանագրություններից հասկանում ենք, որ Ընկերությունն ուներ վերին աստիճանի դեմոկրատական կառուցվածք: Չենք չափազանցնի, եթե ասենք, որ Ընկերության 100 տարի առաջվա դեմոկրատական կառուցվածքը չի գերազանցվել նույնիսկ մեր օրերում: Ընկերությունն իրականացված քայլերից անդին՝ կառուցվածքով և գործունեությամբ փարոս է նաև մեր օրերի համար: Ամեն մի ժողով գիտական բանավեճ էր: Որևէ հիվանդություն՝ իր տարբեր կողմերով, ախտորոշման և բուժման մեթոդներով քննարկվում էր ամենայն մանրամասնությամբ: «Դարմանում» սրա արտացոլումը հնարավորություն էր տալիս ժողովներին չմասնակցած բժիշկներին տեղեկացված լինել բժշկության զարգացումներից: Այս տեսանկյունից «Դարմանը» կատարում է ուղեցույցի, դպրոցի դեր: Հանդեսն ուներ թղթակիցներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրանից դուրս: «Դարմանին» վերապահված կարևորության ցուցանիշ էր այն, որ շատ մարդիկ թերթի իրենց բաժանորդագրությունը նվիրում էին բազմաթիվ հաստատությունների: Ոմանք էլ Օննիկ Փափազյանի նման, ազգասիրությունից և անձնազոհությունից դրդված, ստանձնում էին հանդեսի տպագրության գործը: Բացի այդ շատ ուսանելի է հանդեսի էջերում բժիշկների վարած երկխոսությունն ընթերցողների հետ: Ընկերությունը հայ հասարակության ամեն շերտի և ամեն կառույցի հետ սերտ կապեր ստեղծելու հետ միասին ջերմ հարաբերություններ է հաստատել նաև երկրի ներսում և արտերկրում գտնվող այլ կազմակերպությունների հետ: Ընկերության նախագահն ու անդամները կապեր ունեին նաև հայ հասարակության մեջ գործող այլ կազմակերպությունների հետ: Նրանցից ոմանք ղեկավար պաշտոն են ստանձնել միաժամանակ երկու կազմակերպություններում: Ընկերության երկրորդ շրջանի հիմնադիր նախագահ Վահրամ Թորգոմյանը միևնույն ժամանակ տնօրինում էր նաև հայկական Կարմիր խաչը: «Տեղահանության» ընթացքում իր զավակներին գրեթե ամբողջությամբ կորցրած հայ հասարակության պատահականորեն ողջ մնացած որդիները, կարող ենք ասել, որ չունեին ընտրության հնարավորություն: Թորգոմյանը ևս այն եզակիներից է, ում պատահականության բերումով հաջողվել է հետ վերադառնալ մահվան ուղևորությունից: Հայկական բժշկական ընկերության գործունեությունը, զուգորդվում էր նաև Եդիքուլեի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հետ՝ Ընկերության ղեկավարներից մինչև գործունեության ասպարեզներ բազմաթիվ մակարդակներում: Հայկական բժշկական ընկերության հիմնադիրներից և ղեկավարներից ոմանք միևնույն ժամանակ զբաղեցրել էին ղեկավարների, գլխավոր բժշկի կամ բժշկի պաշտոններ Եդիքուլեի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում: Դրանցից են դոկտոր Հ.Բ.Մատթեոսյանը, դոկտոր Գրիգոր Դավիդյանը, դոկտոր Վահրամ Թորգոմյանը, դոկտոր Նազարեթ Տաղավարյանը, դոկտոր Կարապետ Յաղուբյանը: Առողջապահական ոլորտում Ընկերության կատարած կարևոր քայլերից մեկն էլ օժանդակ առողջապահական անձնակազմ կրթելու ծրագրի իրականացումն է: «Դարման» հանդեսի էջերում տեղ են գտել բազմաթիվ լուրեր՝ Հայկական բժշկական ընկերության՝ հայկական Կարմիր խաչի հետ գործակցությամբ սեմինարներ կազմակերպելու, հիվանդապահ և բուժքույր պատրաստելու աշխատանքների հետ կապված: Առաջին համաշխարհային պատերազմի վերջում հայ հասարակության կարիքներն այս ասպարեզում Ընկերությանն ստիպել են այսօրինակ կրթական ծրագիր պատրաստել և գործունեության գուցե նշանակալի մասն ուղղել այս ոլորտին: Ընկերությունը 1914թ.՝ դեռ պատերազմի սկզբին, սկսել էր բուժքույրեր պատրաստել, որոնք կծառայեին Օսմանյան կայսրությանը պատերազմին մասնակցության դեպքում: 1914թ., երբ պարզ էր դարձել, որ պատերազմն անխուսափելի է, Հայկական բժշկական ընկերությունն օսմանյան բանակի և թուրքական Կարմիր մահիկի համար Ստամբուլի Փերայի Էսայան վարժարանում բացել է հիվանդապահության և բուժքույրության կուրսեր՝ Թորգոմյանի և մահվան ուղևորությունից չվերադարձած Նազարեթ Տաղավարյանի, Ռուբեն Սևակ Չիլինգարյանի նման բժիշկների նախաձեռնությամբ և մասնակցությամբ, և այս թեմաներով տարբեր կոնֆերանսներ կազմակերպել Ստամբուլի տարբեր թաղամասերում: Առաջին աշխարհամարտի ընթացքում հայկական օժանդակ առողջապահական անձնակազմի ցուցաբերած հաջողություններն իրենց տեղն են գտել օտարազգի դիտորդների հիշողություններում: Պատերազմի ընթացքում Ուրֆայում հիվանդանոցի ղեկավարությունը ստանձնած Ջակոբ Քյունզլերի հուշերում տեսնում ենք, որ հայ հիվանդապահներն ու բուժքույրերը պատերազմի ողջ ընթացքում ծառայություն են մատուցել ոչ միայն Ստամբուլում, այլև Անատոլիայի այլ քաղաքներում: Քյունզլերը նկատում է, որ առողջապահական պայմանները շեշտակիորեն վատ էին այն վայրերում, ուր ներկա չէին հայ հիվանդապահներն ու բուժքույրերը: Ընկերությունը հետպատերազմյան շրջանում մոտիկից հետաքրքրվում է հայ հասարակության ապագան հանդիսացող որբերով, նրանց ապաստան որբանոցներով և հանձն է առնում բազմաթիվ որբանոցների և ապաստանների բժշկական հոգսերը: Փոխանցելով հայ որբերի հետ կատարված Ընկերության աշխատանքը՝ Արսեն Յարմանն առաջին անգամ կանոնակարգված կերպով ներկայացնում է տեղեկություն՝ որբերի և որբանոցների վերաբերյալ: Արսեն Յարմանը տեղեկություններ է տրամադրում առևանգված կանանց, երեխաների և նրանց փրկության (որբահավաքության) վերաբերյալ: Հայ հասարակության ապագայի մասին մտահոգություններն ու հանրային առողջությունը ընկերության հետաքրքրությունների առանցքում էին: Առողջ սերունդ ունենալու համար ուշադրության կենտրոնում էր պահվում վեներական հիվանդությունների դեմ պայքարն ու առողջ ամուսնությունների խնդիրը: Ստամբուլի հայության մեջ տարածվում էին վեներական հիվանդությունները և նվազում ամուսնությունները, այդ պատճառով անհրաժեշտ էր կազմել վիճակագրություններ և կազմակերպել կանխարգելիչ միջոցառումներ: Մեջլիսը (Ընկերության) այս հարցով ժողովրդին լուսավորելու համար որոշել է առողջական թեմաներով կոնֆերանսներ կազմակերպել տարբեր թաղամասերում: Ամուսնական փաստաթղթերի շուրջ աշխատանքը այս ոլորտի աշխատանքներից ամենագլխավորն էր: Ընկերությունն իր բոլոր աշխատանքներում հատուկ շեշտադրում է կատարում այն բանի վրա, որ հայ որբերի և կանանց պաշտպանության աշխատանքներն առանձնակի կարևորություն ունեն հայ հասարակության ապագայի համար: Այս տեսանկյունից պետք է նկատի առնվեն ամուսնական փաստաթուղթը, որբերի և կանանց ամուսնությունը: Ընկերության հետաքրքրությունների շրջանակում էր նաև Կիլիկիան, որտեղ զբաղվում են բախտի բերմամբ ողջ մնացած, պատերազմից հետո ետ վերադարձած տեղահանության/ցեղասպանության տուժածների խնդիրներով: Տարածաշրջանային իրադրությունը քննարկվում է Ընկերության պարբերական ժողովներում: Խնդիրը մեծ էր. նրանք, ում հաջողվել է վերադառնալ Կիլիկիա, ընկած են շրջափակման մեջ: Հայ բժիշկները չեն խնայում իրենց օգնությունը ետ վերադարձածներից: Ժողովրդին օգնության եկածների մեջ էր Այաշից պատահմունքով հետ վերադարձած հետաքրքրական անձանցից Ավետիս Նակկաշյանը, ով զինադադարի ժամանակ կրկին վերադարձել էր Ստամբուլ: Նակկաշյանը Ստամբուլ վերադառնալուց որոշ ժամանակ անց սկսում է աշխատել Կիլիկիայում (Ադանայի շրջակայքում): Ապա ստիպված է լինում հեռանալ այնտեղից, երբ ֆրանսիացիները թուրքերի հետ կնքում են Անկարայի պայմանագիրը և լքում շրջանը: Ընկերությունը հայ հասարակության կրոնական և աշխարհական մեջլիսների կողքին զբաղեցնում էր նրանց պես կարևոր և հարգալից տեղ և ուներ ընտրյալ խորհրդի հեղինակություն: «Դարմանի» էջերում գրված է նաև Ընկերության՝ արտերկրում վայելած հարգանքի և ներկայացուցչական գործունեության մասին` ի հեճուկս Կարմիր մահիկի (Hilal-i Ahmer) ներկայացուցիչերի հարուցած խոչընդոտների: Հանդեսի վերջին համարը լույս է տեսել 1922թ. հուլիսին: Այս վերջին համարում տեղ գտած ժողովում դոկտոր Յաղուբը առաջարկում է ապրիլի 11-ը (1915թ. ապրիլի 24) սգո օր ընդունել նաև հայ բժիշկների համար և մասնակցել անցկացվելիք արարողությանը՝ ներկայացուցիչ ուղարկելով Ընկերությունից: Այս առաջարկը նկատի է առնվում, և որոշվում է, որ արարողությանը Ընկերությունը ներկայացնելու է ղեկավար կազմը… Այս ելույթից հետո վարդապետ Տիրատուրյանը, նկատի առնելով Ապրիլի 11-ի զոհերի համար կատարվելիք սգո արարողությունը, նահատակ հայ բժիշկների հոգիների համար աղոթք է կարդացել:
1922թ. օգոստոս ամսին Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի կառավարության՝ հունական բանակի դեմ տարած հաղթանակով բազմաթիվ այլ հայկական կազմակերպությունների հետ մեկտեղ փակվեց նաև Հայկական բժշկական ընկերության գործունեության ասպարեզը: Այդուհետ Ընկերությունը դադարեցրել է գործունեությունը և վերջ դրել «Դարման» հանդեսի կյանքին: