Համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծման ուղղությամբ. ամերիկացի համանախագահ
ԱՄՆ կառավարությունը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Դիվանագետը նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ հակամարտության երկարաժամկետ լուծման ուղղությամբ:
«Հիմնական, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի պահպանման, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վեհաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցերը քննարկելու նպատակով՝ մենք շարունակում ենք խրախուսել առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպման նկատմամբ (Հայաստանի ու Ադրբեջանի) նախագահների և արտգործնախարարների հետաքրքրվածությունը»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 2017թ. հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության Մինսկի խմբում: Նա փոխարինել է դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով դեկտեմբերի 31-ից այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը։