ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող ՀԿ-ների հետ, որին մասնակցում էին Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորեց քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների հետ տարվող աշխատանքները, նրանց առավել ակտիվ ներգրավվածությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, համահայկական խնդիրների լուծման գործընթացում:
Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց 2016թ. ՀՀ ՍՆ կողմից իրականացված համահայկական ծրագրերը՝ «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոցը, «Իմ Հայաստան» փառատոնը, համահայկական մրցանակաբաշխությունը և այլ ծրագրեր, կարևորեց դրանց կայացման արդյունավետության բարձրացման գործում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը ներկայացրեց «Մեկ պատուհանի սկզբունքով» գործող կառույցը, որը գործելու է նախարարության կառուցվածքում և այժմ ձևավորման փուլում է, նա անդրադարձավ Հայաստանում և Արցախում սփյուռքահայերի ներդրումներին, և նոր, հիմնարար բարեփոխումների համատեքստում Հայաստանի ներդրումային ծրագրերում Սփյուռքահայերի մասնակցության ապահովման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին: Վ. Վարդանյանը կարևորեց Հայաստանի քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների մասնակցությունը ներդրումների ներգրավման գործընթացում:
Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը ներկայացրեց հանրային իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, նախարարության տեղեկատվական միջոցներն ու կառուցակարգերը, Հայաստանի և Սփյուռքի ԶԼՄ-ների հետ համագործակցության ուղիները, նախարարության գործունեության հանրային իրազեկումը և թափանցիկությունը: Նա ներկայացրեց նաև լրագրողների համահայկական 8-րդ համաժողովում սփյուռքահայ լրագրողների նախաձեռնությամբ սկիզբ առած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը, որը գնալով լայն թափ ու ընդգրկում է ստանում, կարևորեց շարժման մեջ ևս ՀԿ-ների ներգրավվածությունը:
Իրավաբանական վարչության պետ Արամ Ամիրզադյանը անդրադարձավ սիրիահայերի խնդիրների լուծման նպատակով իրականացված օրենսդրական բարեփոխումներին:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանը առաջարկեց հստակեցնել համագործակցության ձևաչափը և առավել հստակ, որոշակի և նպատակային աշխատել:
Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը շնորհակալություն հայտնեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ հանդիպմանը մասնակցելու համար և շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: