Ցուցահանդես՝ նվիրված Նոր Ջուղայի «Ս.Ներսես Շնորհալի» գրադարանի հիմնադրման 110-ամյակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/Նոր-Ջուղա10.jpg)
Դեկտեմբերի 14-ին Նոր Ջուղայի Ս.Ամենափրկիչ վանքի «Ս.Ներսես Շնորհալի» գրադարան–մատենադարանում, ձեռամբ Սպահան նահանգի ընդհանուր քաղաքապետ դոկտ. Ջամալի Նեժադի և Սպահանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վրեժ Տեր-Մարտիրոսյանի` բացումը կատարվեց գրադարանի հիմնադրման և գործունեության 110-ամյակին նվիրված գրքի և արխիվային նյութերի ցուցահանդեսը:
Ինչպես Իրանից «Հայերն այսօր»-ին հայտնում է Երանուշ Թահմազյանը՝ միջոցառումը իրենց ներկայությամբ պատվել էին նաև Սպահան քաղաքի հինգերորդ շրջանի քաղաքապետ Ֆարհանգին, թեմի ազգ.մարմինների, դպրոցների ու միությունների ներկայացուցիչները և պաշտոնական այլ հրավիրյալները:
Խորհրդանշական ժապավենի հատումից հետո` ներկաներին ողջունեց հոբելյական հանձնախմբի ներկայացուցիչ Կարին Տեր-Մարտիրոսյանը և բացատրեց ցուցահանդեսի կազմակերպման նպատակների մասին, այն է՝ որպես հոբելենական ձեռնարկների եզրափակում հանրությանը ներկայացնել գրադարանում պահպանված հին գրքերի ու արխիվային նյութերի մի հատվածը, որոնք որպես Նոր Ջուղայի հարուստ ժառանգության մի մասնիկ՝ խնամքով պահպանվել և փոխանցվել են գրադարնին:
Այնուհետեւ «Ս. Ներսես Շնորհալի» գրադարնի վարիչ Վերգինե Միրզախանյանը հարգելի հյուրերին տեղեկություններ փոխանցեց ցուցադրված գրքերի ու արխիվների մասին, որոնք սկսվում էին գրադարանի հիմնադիր Թադեոս Տեր-Հովհանյանի լուսանկարով, ով նվիրաբերելով իր հոր` պատմաբան Հարություն Տեր-Հովհանյանի անձնական գրադարանը և արխիվները, ձևավորել է գրադարանի հիմքը:
Այնուհետև գրանադարանը շարունակվում է զարգանալ և հետագայում` 1972 թվականին, Ս. Ներսես Շնորհալու մահվան 800-ամյակի առիթով վերաբացվում «Ս.Ներսես Շնորհալի» անվամբ:
Ներկայացված էին նաև հայերեն և օտարալեզու տպագիր հին գրքեր, օրացույցներ, քարտեզներ ու արխիվային այլ նյութեր: Ցուցադրությունն ավարտվում էր գրդարան-մատենադրաանի և թանգարանի վարիչ-տնօրենի պաշտոնում 50 տարի ծառայած գրող, թարգմանիչ և բանահավաք Լևոն Գ. Մինասյանի մեքենագրության սարքով ու նրա կատարած առաջին մեքենագրած նամակով:
Առանձին բաժիներում ներկայացված էին նաև Հայոց ցեղասպանությանն առնչվող գրքեր, ինչպես նաև՝ Հայաստանում և Իրանում կատարված նոր հրատարակություններ, իսկ կենտրոնում այցելուների ուշադրությունն իր վրա էր հրավիրում 1666թ. Ոսկան Երեւանցու միջոցով հրատարակված առաջին տպագիր Սուրբ գիրքը:
Գրադարանավարուհին նաև քաղաքապետին և նրան ընկերակցող պատվիրակությանը բացատրեց գրադարանի հիմնովի նորոգման, արդիականացման, գրքերի թվայնացման և իրականացված այլ աշխատանքների ու ծրագրերի մասին, պատասխանեց այցելունների և լրագրողների հարցերին:
Ցուցահանդեսը իր աշխատանքը ավարտելու է հինգշաբթի` դեկտեմբերի 22-ին:
Լուսանկարները` հեղինակի