Իրանցի 5-րդ սերնդի գորգագործն ուզում է Հայաստանում պահպանել այդ արհեստի ավանդույթները

Իրանցի 5-րդ սերնդի գորգագործ Աբբաս Նիշաբուրին ուզում է նաեւ Հայաստանում գորգերի արտադրամասեր բացել։ Այս մասին Նիշաբուրին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Երեւանում հայ-իրանական բիզնես ֆորումի ժամանակ։

Նիշաբուրիների տոհմի գորգագործական ավանդույթները 250 տարվա պատմություն ունեն։ Ինքը Աբբաս Նիշաբուրին արդեն 60 տարի է այդ գործով է զբաղվում։ Ընտանեկան ավանդույթը նա դարձրել է բիզնես, 1958-ին բացելով Nishaburi ընկերությունը։

Հայկական գորգերին, այդ թվում Հայաստանում պատրաստվածներին, նա շատ վաղուց է ծանոթ ու շատ լավ։ Գորգագործությունից հեռու հայերը կարող են անգամ չպատկերացնել, թե աշխարհում ինչ բարձր են գնահատվում իրենց հայրենակից վարպետների գործած գորգերը, շեշտեց նա։

Բայց հիմա, ցավոք , Հայաստանում ձեռագործ գորգերի պատրաստման արհեստը շարունակող չունի։ Եվ դրա նկատմամբ ինքը չի կարող անտարբեր մնալ, հավելեց վարպետը։

«Մենք ուզում ենք այստեղ ձեռնարկություններ կամ արտադրամասեր բացել։ Կամ ինքներս, կամ էլ հայկական ընկերությունների հետ ինչ-որ ձեւով համագործակցելով»,- հայտնեց նա։

Այն հարցին, թե ինչու է նա, պարսկական գորգերից բացի նաեւ հայկական գորգերի համար մտահոգվում, Նիշաբուրին պատասխանեց․

«Մենք աշխատում ենք Թեհրանում ու արտահանում Եվրոպա, Չինաստան, Մալայզիա , շատ այլ երկրներ։ Մենք ու մեր գործընկերները Իրանում շատ աշխատատեղեր ենք ստեղծում։ Մարդիկ կարողանում են դրա շնորհիվ ապահովել իրենց ընտանիքները։ Հայաստանում, ցավոք, անապահով մարդիկ շատ են։ Թող նրանք էլ կարողանան ինչ -որ բան ստեղծել ու կերակրել իրենց հարազատներին։ Կարեւոր չէ ՝ իրանցի, ասորի, թե եվրոպացի։ Մարդը պետք է աշխատանք ունեա։ Կարծում եմ ամեն ինչ պարզ է։ Իսկ մենք, հարեւան ժողովուրդներս, առավել եւս պետք է օգնենք իրար․․․ Մենք հազարամյակներ շարունակ կողք կողքի ենք ապրել։ Այդ հարեւանությունը պետք չէ մոռանալ»։

Scroll Up