Հերոսաբար զոհված Հակոբ Խաչատրյանի ընտանիքի համար առանձնատուն է կառուցվել

ԼՂՀ կառավարության և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով Քաշաթաղի շրջանի Աղաձոր համայնքում մեկ տարի առաջ հակառակորդի ոտնձգությունից դիրքը պաշտպանելիս հերոսաբար զոհված Հակոբ Խաչատրյանի ընտանիքի համար առանձնատուն է կառուցվել:
Քաշաթաղի շրջանային «Մերան» պարբերականի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ, երեկ՝ դեկտեմբերի 20-ին, տան բանալին հերոսի ծնողներին հանձնելու նպատակով շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի գլխավորությամբ համայնք են այցելել շրջանի մի խումբ պատասխանատուներ:
Նրանք նախ այցելել են Հակոբի շիրիմին և իրենց հարգանքի տուրքն են մատուցել հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհված զինվորի հիշատակին:
Հանձնելով տան բանալին՝ Ա. Մխիթարյանը մաղթել է, որ այն իղձերն ու երազանքները, որ ծնողները կապել էին իրենց հերոս որդու հետ, կարողանան գտնել թոռնիկի՝ (Հակոբի քրոջ որդին) փոքրիկ Հակոբին մեծացնելով:
Շրջվարակազմի կողմից ընտանիքին հանձնվել է նաև լվացքի մեքենա, իսկ համայնքի կողմից դրամական աջակցություն:
Հակոբի հայրը՝ Գագիկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել՝ իր ընտանիքին նեցուկ կանգնելու համար, և հայտնելով իր սրտի խոսքը ասել է, որ ցանկանում է, որ այլևս ոչ մի զոհ չլինի: «Եթե այսուհետ հերոսներ ունենանք, ապա միայն՝ արվեստի, գիտության, սպորտի բնագավառնորում, որ իր նման որդեկորույս ծնողներ չլինեն»,- ասել է հերոսի հայրը:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.):
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ստորագրած հրամանագրերի համաձայն՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով։