«Հայաստան» հիմնադրամը ջերմոցներ է կառուցում եւս 59 ընտանիքի համար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ արգենտինահայերի ֆինանսավորմամբ, Տավուշի մարզում մեկնարկել է ջերմոցների հիմնման երրորդ փուլը: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Հիմնադրամի պաշտոնական կայքից:

Ոսկեվան, Արծվաբերդ, Կոթի, Ներքին Ծաղկավան, Բերդավան, Այգեհովիտ, Կողբ, Զորական, Դիտավան, Կիրանց գյուղերի 57 շահառու ընտանիքների տնամերձ հողատարածքներում կառուցվում են 100քմ մակերեսով ջերմոցներ: Եւս երկու ջերմոց էլ կառուցվում է Խաչարձանում՝ Հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագրի շրջանակներում գյուղացիներին կնվիրաբերվեն սածիլներ եւ կտրամադրվի անվճար խորհրդատվություն:

Ծրագրի համակարգող Մարիամ Ջենջիրջյանի խոսքով՝ շահառուներն ընտրվում են վիճակահանության միջոցով եւ համաֆինանսավորման պայմանով: Այս փուլում 59 ջերմոցի համար դիմել էր 100 ընտանիք: Մեկ ջերմոցի ընդհանուր արժեքն է մոտ 5 400 ԱՄՆ դոլար, որից շուրջ 400-ը վճարում է շահառուն: «Տարեցտարի ավելանում է ջերմոցի սեփականատեր դառնալ ցանկացողների թիվը, ինչը խոսում է ծրագրի հաջողության մասին»- ասում է ծրագրի համակարգողը:

Առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքում 43 ընտանիք Դիտավան, Կիրանց, Բաղանիս, Այգեհովիտ, Վազաշեն, Գանձաքար եւ Խաչարձան գյուղերում մշակում է իր ջերմոցը՝ ապահովելով իր կայուն եկամուտը:

1 3

Scroll Up