Հայկական պատվիրակությունը ԱՄԷ-ում ներկայացրել է ներդրումային 32 ծրագիր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է նախարար Կարայանի ԱՄԷ կատարած աշխատանքային այցի արդյունքները:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տրամադրած հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 20-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ: Կողմերն ընդգծել են, որ ՀՀ Նախագահի` ԱՄԷ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված երկուստեք աշխատանքների իրականացման կարևորությունը: Նախարար Սուրեն Կարայանը Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչության համատեքստում ներկայացրել է Հայաստանի  համար գործող արտոնյալ առևտրային ռեժիմները, այդ թվում` «Արտոնությունների ընդհանրացված համակարգերը» (GSP), «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգը» (GSP+): Ներկայացվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի համաձայնագրերի կնքման ուղղությամբ մի շարք երկրների հետ տարվող բանակցությունների ընթացքը` մասնավորապես Իրանի, Սինգապուրի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ:

Սուրեն Կարայանը վստահեցրել է, որ էմիրաթական ներդրումները Հայաստանում հատուկ կլինեն ուշադրության ներքո. Հայաստանի զարգացման հիմնադրամում կստեղծվի մեկ պատուհան էմիրատական գործարարներին աջակցելու նպատակով: Հայկական պատվիրակությունը էմիրաթական կողմի ուշադրությանն է ներկայացրել ներդրումային 32 ծրագիր:

ԱՄԷ Էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրին շնորհակալություն է հայտնել նախարար Սուրեն Կարայանին այցի համար` նշելով, որ պատրաստակամ է` խորացնելու ՀՀ-ԱՄԷ առևտրատնտեսական կապերը: Էկոնոմիկայի նախարարը հետաքրքրվել է հայաստանյան տնտեսության մի շարք ոլորտներից` էներգետիկա, արդյունաբերություն, սննդամթերքի արտադրություն, ինչպես նաև մսամթերք և գյուղմթերք:

Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը գործընկերոջը նվիրել է հայկական արտարդության Armphone հեռախոսը:

Օրակարգային մյուս հանդիպումները`

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի տնօրեն Մուհամեդ Սուվաիդիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումային ծրագերի վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը էմիրաթական կողմի մասնագետների հետ մանրամասն քննարկել է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված քայլերը:

Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Աբու Դաբիի Ներդրումների գործակալության տնօրեն Խալիլ Ֆուլասիի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները, ներդրումային ծրագրերը, տնտեսության ներդրումային ներուժ ունեցող ոլորտները և Հայաստանի ներդրումային միջավայրը:

Այցի շրջանակներում Նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է նաև Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Էբրահիմ Ալ Մահմուդի հետ` քննարկելու 2017 թվականին Աբու Դաբիում կայանալիք ներդրումային համաժողովի կազմակերպչական հարցերը: Աշխատանքային քննարկում է տեղի ունեցել մասնագետների միջև համաժողովի անցկացման ժամկետների, ձևաչափի և ոլորտների վերաբերյալ»:

Scroll Up