Աշոտ Մուրադյանը՝ ԱՄՆ Մոնտեբելո քաղաքի գանձապետ

ԱՄՆ Մոնտեբելո քաղաքային խորհուրդը, մերժելով արտահերթ ընտրության պահանջները,  4 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ  Աշոտ Մուրադյանին ընտրել է Մոնտեբելո քաղաքի գանձապետ:

Ինչպես տեղեկանում է «Հայերն այսօր»-ը ԱՄՆ «Ասպարեզ» պարբերականից՝ Աշոտ Մուրադյանն այդ պաշտոնում առաջադրվել էր նաև անցյալ տարի և քվեարկության արդյունքներով զիջել էր Չառլզ Պելին, ով հրաժարական է տվել նոյեմբերին՝ պատճառաբանելով իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

Քաղխորհրդի անդամ Ջեք Հաջինյանն իր խոսքում նշել է, որ իրենք ընտրել են այնպիսի թեկնածու, ով քաղաքական ոլորտում ունի մեծ փորձ, հինգ տարի աշխատել է որպես քաղաքային ծրագրերի հանձնակատար, իսկ դրանից առաջ  եղել է տրանսպորտի ու անվտանգության հանձնաժողովի անդամ:

Քաղխորհրդի անդամ Բիլ Մոլինարին նշել է, որ ինքն արդեն երկար տարիներ ճանաչում է Աշոտ Մուրադյանին:

Աշոտ Մուրադյանը ծնվել և մեծացել է Մոնտեբելոյում: Նա փաստաբան է և ինը տարի աշխատել է  մասնագիտությամբ: «Ես կանեմ առավելագույնը՝  արդար, թափանցիկ աշխատելու և խորհրդին օգտակար լինելու համար»,- ասել է Աշոտ Մուրադյանը:

Scroll Up