«Հայաստանը՝ մոտիկից» խորագրով միջոցառում Լիտվիայում

Դեկտեմբերի 7-ին Լիտվիայի Կաունաս քաղաքի «Ազգային տուն» մշակութային կենտրոնում կայացել է «Հայաստանը՝ մոտիկից» միջոցառումը, որտեղ կարևորվել է կնոջ դերը հայկական մշակույթում: Ծրագրի շրջանակներում հանդես է եկել նաև «Հայրենիք» երգի ու պարի խումբը:

Կաունասի հայկական համայնքը հիմնադրվել է 1994 թվականին: Անցնող տարիների ընթացքում համայնքն ակտիվ մշակութային գործունեություն է ծավալել ինչպես Կաունասում, այնպես էլ՝ Լիտվիայի ողջ տարածքում: Մշտապես մասնակցել է ազգային, ազգագրական փառատոներին, կազմակերպել է տարրաբնույթ միջոցառումներ, որոնց շրջանակներում ներկայացրել է հայկական բազմադարյա մշակույթն ու պատմությունը:

Սկսած 1999թվականից՝ համայնքում մշտապես գործում է կիրակնօրյա հայկական դպրոցը, որտեղ հայազգի երեխաները և երիտասարդները ուսումնասիրում են հայոց լեզուն, հայկական մշակույթը և պատմությունը, ծանոթանում են հայկական երաժշտությանն ու ազգային պարերին: Երիտասարդ մանկավարժների համառ ջանքերի շնորհիվ՝ 2007թ. հիմնադրվել է երգի և պարի «Հայրենիք» խումբը: Գործունեության կարճ ժամանակի ընթացքում խումբը մասնակցել է մի շարք փառատոների, ծրագրերի՝ Կաունասում, Վիսագինասում, Ալիտուսում, Պլունգում, Շիլուտում, Կլայպեդայում, Ռիգայում և այլ քաղաքներում:

Ազգային երաժշտության հմուտ գործիքավորումը, ինչպես նաև խմբի խանդավառ ելույթներն արժանանում են հանդիսատեսի մեծ համակրանքին:

%d5%af%d5%a1%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%bd %d5%af%d5%a1%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%bd2

Scroll Up