Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ ուղերձում ասված է.

«Հարգարժա՛ն Գուրգեն Վրեժի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Ձեր երկարամյա գործունեությունը հարազատ երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայության լավագույն օրինակներից է: Լինելով ճանաչված գիտնական՝ Դուք մեծ ներդրում ունեք Հայաստանի Հանրապետությունում արեւելագիտության զարգացման, հայրենասեր եւ կիրթ սերունդների դաստիարակման գործում:

Ձեզ նաեւ ճանաչում են որպես Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից եւ ազատամարտիկ, մարդ, ով մշտապես սատարում է Արցախին, մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր հարազատներին ու մերձավորներին»:

Scroll Up