Հայ ճարտարապետներն աշխարհում. Էդիկ Շահին

«Հայերն այսօրի» զրուցակիցը իրանահայ ճարտարապետ, շվեդաբնակ Էդիկ Շահինն է, որը երկար տարիներ թե՛ Թեհրանում, թե՛ Շվեդիայում, բացի մասնագիտական գործունեությունից, անձնվիրաբար հայապահպան գործունեությամբ է զբաղվել՝ սկիզբ դնելով համայնքային եռուզեռին:

Էդիկ Շահինն այդ ամենը  պատասխանատվության մեծ զգացումով է կատարել` հոգում ունենալով աշխարհասփյուռ հայ երիտասարդներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալու, նրանց Մայր հայրենիքին  մոտ պահելու անմար հավատը:

-Պարո՛ն Շահին, կայացման ի՞նչ ուղի եք անցել ավանդապահ Իրանի հայկական համայնքում:

-Բնօրրանս Թեհրանն է: Հայկական դպրոցում ուսումնառությունից հետո՝ բարձրագույն կրթություն եմ ստացել Թեհրանի համալսարանի Ճարտարապետական և գեղարվեստական բաժնում:

Բանակից վերադառնալով` սկսել եմ աշխատանքային գործունեություն ծավալել Թեհրանի հայկական համայնքում՝ տարբեր միջոցառումներ կազմակերպելով:

Մինչև Թեհրանից Շվեդիա տեղափոխվելը, մշակութային, ազգանպաստ բազմապիսի ծրագրեր եմ իրականացրել: Փորձել եմ թեհրանահայերին մատուցել այն հոգևոր բարիքները, որոնց «քաղցն» ունեին նրանք: Մատաղ սերնդին օտարության մեջ հայ պահելու համար եմ այս գործին ինձ նվիրել:

Տասնմեկ տարեկանից մասնակցել եմ նաև թատերական ներկայացումների:

1988 թվականին Հայ համալսարանականների միության անդամների հետ առաջին անգամ Հայաստան այցելությունից հետո՝ միության դահլիճում ոգևորված Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարների ցուցադրությունն եմ կազմակերպել, որը մեծ խանդավառություն առաջացրեց համայնքում: Այս նախաձեռնությամբ մենք պատուհան բացեցինք դեպի Հայաստան: Ապա շարունակեցի Թեհրանում տարբեր թեմաներով լուսանկարների ցուցահանդեսներ իրականացնել, ցուցադրեցինք նաև Սերգեյ Փարաջանովի  «Նռան գույնը» ֆիլմը:

Ազգային, պետական և եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներ նույնպես նախաձեռնեցինք, իսկ հայ աշակերտներին ոգևորելու նպատակով` կյանքի կոչեցինք նրանց նկարած աշխատանքների ցուցահանդեսը: Մեր ուշադրության կենտրոնում միշտ պահել ենք Հայոց ցեղասպանությանը նվիրված ոգեկոչման միջոցառումները. ամեն տարի պարտադիր հատուկ ձեռնարկներով հիշատակել ենք հայ անմեղ նահատակներին:

-Տեղափոխվելով Շվեդիա` համայնքային գործունեությունը շարունակե՞լ եք :

– Իրանի հեղաշրջումից չորս տարի հետո եղբորս ընտանիքի հետ հաստատվելով Շվեդիայում` համայնքի համախմբված չլինելը միանգամայն նկատեցինք:

Ճիշտ է՝ հայ ընտանիքներ կային, բայց համայնքային կյանքով չէին ապրում:

Մեր առաջին քայլը հայ երեխաներին հայկականության մեջ պահելը, հայկական միջավայր ստեղծելը եղավ: Շաբաթօրյա հայկական դպրոցի դասընթացները, մշակութային միջոցառումների և տարազահանդեսների ձեռնարկները նույնպես ակտիվացրեցինք: Ես Շվեդիայի հայ մշակութային միության հիմնադիր-անդամներից եմ, նաև՝ Շվեդիայի երեք շրջանների միության նախագահն եմ եղել: Իսկ կինս իմ գործի շարունակողը  դարձավ:

Ուպսալայում կնոջս հետ ՀՕՄ-ի մասնաճյուղ բացեցինք: ՀՕՄ-ի շրջանակներում հանձն առանք իրականացնել արցախյան զոհված ազատամարտիկների երեխաների խնամակալությունը:  1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ահասարսուռ երկրաշարժից  հետո էլ՝ բժշկական սարքավորումների տեսքով օգնություն ուղարկեցինք, որը շատ դժվարությամբ կարողացանք Մոսկվայից Երևան տեղափոխել:

Մի խոսքով, հաջողեցինք մեր առջև դրված ազգանվեր բոլոր ծրագրերը կյանքի կոչել, որի համար հիմա խղճիս առջև ինձ հանգիստ եմ զգում:

Ապա սկսեցի խոշոր ընկերությունների հետ տարբեր ճարտարապետական նախագծերում աշխատել, նաև դիզայներական աշխատանքներ եմ կատարել: Սկզբնական շրջանում փոքր նախագծեր եմ իրականացրել, ապա ժամանակի ընթացքում խոշոր նախագծերով զբաղվեցի: Աշխատանքներիս և մշակութային ձեռնարկների միջոցով շվեդացիներին ամեն կերպ փորձել եմ Հայաստանին ու հայկական համայնքին ծանոթացնել:

Շվեդիայում նաև Հայ ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության ներկայացուցիչն եմ:

Իբրև ճարտարապետ՝ տարբեր ընկերությունների հետ եմ աշխատել, որի շնորհիվ  էլ մասնագիտական առաջընթաց ունեցա:

Այդ ընկերությունների հետ աշխատելով` փորձում էի աշխատակիցներին նույնպես հայկական ճարտարապետությանը ծանոթացնել:

Նրանք հետաքրքրված են հայկական ճարտարապետությամբ և միշտ ասում են` հայկական ճարտարապետությունը փոխադրվել է Եվրոպա: Նույնիսկ հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին էին 1958 թվականին Շվեդիա հրավիրել, որպեսզի ծանոթանային հայ երաժշտարվեստի գաղտնիքներին:

Մենք առիթը բաց չենք թողնում օտարների շրջանում հայկական մշակույթը տարածել: Շվեդիայի թագավորական պալատում կազմակերպեցինք քանոնահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանի համերգը: Պատկերացրեք՝ պալատում թևածում էր քանոնի հոգեթով հնչյունները` ամենուր հայկական մթնոլորտ տարածելով:

Ապա կազմակերպեցի հայ կանանց ձեռագործ աշխատանքների, հետո նաև՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունը:

Իսկ երբ Շվեդիայում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, շվեդահայերի աշխատանքերն անհամեմատ հեշտացան: Մեզ շատ սատարեց մեր սիրելի դեսպան Արտակ Ապիտոնյանը, որը հրաշալի անձնավորություն է:  Ցանկացած հարցում նրա օգնությանն ենք դիմում:

– ճարտարապետական ինչպիսի՞ աշխատանքներ եք իրականացնում:

Հիմնականում առանձնատների, տարբեր շենքերի, դպրոցների և հիվանդանոցների նախագծում եմ կատարում: Նախագծել եմ նաև Դանիայի ամենամեծ հյուրանոցներից մեկը:

Իբրև ժյուրիի անդամ՝ տարբեր մրցութային ծրագրերի եմ մասնակցում: Մի քանի տարի առաջ Շվեդիայում հոգեբուժական հիվանդանոց պետք է կառուցվեր, որի համար աշխարհի տասնհինգ երկրների ընկերությունների միջև մրցույթ էր հայտարարվել: Ես նույնպես ընդգրկվեցի ժյուրիի կազմում: Դա մեծ պատիվ էր ինձ համար. ամենուր հայի անունն էր հնչում:

-Հայաստանում ճարտարապետական Ձեր «հետքը» թողե՞լ եք:

Դեռևս որևէ ճարտարապետական աշխատանք չեմ կատարել Հայաստանում: Սակայն միշտ հետևում եմ այստեղ տեղի ունեցող ճարտարապետական զարգացումներին:

-Պարո՛ն Շահին, հայաստանյան նորակառույց շինություններից որո՞նք են Ձեզ հոգեհարազատ և սիրելի:

-Երևանի նորակառույց շինություններից շատ եմ հավանել Կառավարական նոր շենքը, որի աշխատանքներում Ալեքսանդր Թամանյանի «շունչը» զգացվում է, հետաքրքիր մասնագիտական լուծումներ են տրված: Նորաբաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը շատ հավանեցի: Կարող եմ ասել` Կասկադի նման շինություն աշխարհում գոյություն չունի. միշտ հիացմունքով եմ զբոսնում Կասկադի տարածքում:

Այս հոյակերտ շինություններն, անկասկած, պատմության մեջ իրենց ուրույն տեղն են ունենալու:

-Շվեդիայում կա՞ն այլ հայ ճարտարապետներ, որոնց հետ համագործակցում եք:

 -Ցավոք, որքան տեղյակ եմ՝ հայ ճարտարապետների թիվը քիչ է  Շվեդիայում: Մի մասն արդեն թոշակառու է, մյուսներն էլ տարբեր քաղաքներում են ապրում, այդ պատճառով էլ կապը նրանց հետ չի պահպանվում: Բայց գիտեմ, որ բոլորն էլ ճանաչված անձնավորություններ են եղել:

Երբ այս  տարի մայիսին երգչուհի Իվետա Մուկուչյանը եկել էր Շվեդիա՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու, Ուպսալա քաղաքում համայնքային ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մի հայ երիտասարդ ճարտարապետի հետ ծանոթացա: Զրույցից պարզ դարձավ, որ նոր էր եկել Շվեդիա: Երկուստեք ուրախացանք մեր հանդիպումից: Հուսամ՝ անհրաժեշտության դեպքում կկարողանամ նրան մասնագիտական օգնություն ցուցաբերել:

Գևորգ Չիչյան

%d5%b3%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf3%d5%b3%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b3%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf

 

 

 

 

Scroll Up