Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը Պրահայում

Դեկտեմբերի 7-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ 1998 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ։ Արարողության ավարտին Չեխիայի հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը դիմեց սակավաթիվ ներկաներին, հիշատակելով զարհուրելի երկրաշարժի զոհերին, որ 28 տարի առաջ մեկ վայրկյանում զրկվեցին  կյանքից, եւ չկարողացան իրականություն դարձնել շատ երազանքներ։ Այս մասին տեղեկացնում է Չեխիայի «ՕՐԵՐ» ամսագրի կայքը:

Հայր Սուրբի ասելով, իրականում 25 հազարի փոխարեն զոհ գնացին 50 հազարից ավելի հայորդիներ, եւ նեկաներին կոչ արեց աղոթել ,, մեր քույրերի ու եղբայրների հոգիների հանգստության համար,,։ Նա հիշեցրեց, որ նման աղետները ահազանգ են մարդկության համար, եւ հետեւաբար այնպես պետք է ապրել կյանքում, որ միշտ կարողանաս մարդկանց օգնել եւ բարի գործերով լցնել շրջակա աշխարհը։

Հայր Բարսեղի հիշատակի խոսքից հետո, ներկաներին դիմեց նաեւ Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով իր ելույթն սկսեց անձնական հիշողություններից, երբ 1988թ. դեկտեմբերի 7-ին փողոցում հանկարծակի լսել է երկրաշարժի մասին, իսկ հաջորդ օրն արդեն Սպիտակում մասնակցել է փրկարարական աշխատանքներին։ ,, Այսօր էլ շատ թարմ են հիշողությունները, կարծես երեկ է տեղի ունեցել այդ արհավիրքը, բայց պետք է մեր մեջ ուժ գտնենք, լավատեսորեն նայենք ապագային, եւ ամեն մեկս  մեր հնարավորությունների սահմաններում օգնենք աղետի գոտու վերականգնմանը,,- ասաց դեսպանը։

Մասնավորապես, նրա ասելով, մի քանի ընկերներով հավաքվել են եւ Գյումրիում ապրող մի անօթեւան ընտանիքի համար բնակարան են գնել։ ,,Այնպես որ, ամեն մեկն իր հնարավորությունների սահմաններում կարող է օգտակար լինել, որպեսզի շենացնեք այդ շրջանը եւ մարդկանց մոտ վերականգնեք ապագայի նկատմամբ ունեցած հավատը,,-եզափակեց դեսպան Սեյրանյանը։

Վերջում Հայր Բարսեղը աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի զոհված հայորդիների հոգիները արժանան երկնային արքայության։

 

Scroll Up