Իզմիրում թուրք կանանց նվիրված միջոցառման ժամանակ օգտագործվել է Ցեղասպանության տարիներին արված գաղթական հայ կնոջ լուսանկար

Թուրքիայի Իզմիր քաղաքի քաղաքապետարանի կազմակերպած «Թուրք կնոջ՝ ընտրելու և ընտրվելու իրավունքը» խորագրով միջոցառման ընթացքում ցուցադրվել է հանրապետության շրջանի թուրք կանանց նվիրված տեսանյութ, որում թուրք կնոջ կերպարը ներկայացվել է Հայոց ցեղասպանության տարիներին գաղթի ճանապարհին հայտնված հայ կանանցից մեկի հայտնի լուսանկարով: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Ստամբուլում գործող հայկական կայքերից «Հայ Թերթը»:

Ցուցադրված հոլովակում հայ կնոջը ներկայացրել են Թուրքիայի Հանրապետության հռչակման համար պայքարող թուրք կնոջ կերպարով և ավելացրել «Ծնվել եմ «Փրկության պատերազմ»-ի հետ» գրությունը:

Ի դեպ, «Փրկության պատերազմ»-ի անվան տակ Թուրքիայում նկատի ունեն 1922-23թթ. Աթաթուրքի ղեկավարած ազգայնական շարժումը, որը Թուրքիայի պաշտոնական պատմագրության մեջ նշվում է որպես իմպերիալիզմից և օտար օկուպացիայից փրկության պայքար և հիշատակվում «Փրկության պատերազմ» տերմինով:

1922-23թթ.-ի ազգայնական այդ շարժման ընթացքում Թուրքիայում իրականացվել է պոնտոսցի հույների ցեղասպանությունը, ինչպես նաև կոտորվել են Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստան վերադարձած տասնյակ հազարավոր հայեր:

Scroll Up