Ամերիկայի հայկական թանգարան` Հայաստան օվկիանոսից այն կողմ

Հայրենակիցների հետ շփվելու, հայերեն լսելու համար՝ հաճախ ենք Պորտսմութից (որտեղ հայեր չկան) գնում Բոստոնի Ուոթերթաուն հայաշատ քաղաք։ Այս անգամ նախնական պայմանավորվածություն կար հանդիպելու Ամերիկայի հայկական թանգարանի տնօրեն Պերճ Չեքիջյանի հետ։
Նոյեմբերի 9-ին, երբ ամբողջ Ամերիկան ցնցված էր Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու լուրից, ես և քանդակագործ Ալեքսանդր Ռենարդը ճանապարհ ընկանք դեպի Ուոթերթաուն՝ դեպի փոքրիկ Հայաստան։
Դեռևս հեռվից հիանալով քաղաքի սրտում գտնվող 4 հարկանի մեծ, շքեղ շինությունով՝ սիրտդ լցվում է անուշ հուզմունքով ու հպարտությամբ, երբ կարդում ես նրա վրա գրված խոշոր, ազդեցիկ տողերը՝ ARMENIAN LIBRARY AND MUSEUM OF AMERIKA:
Թանգարան ներս մտնելուն պես՝ զգում ես հայկական շունչն ու քեզ հարազատ իրերի ջերմությունը: Բայց կրկնակի ջերմություն և քեզ հարազատ զգացում ես ապրում, երբ անմիջական ու անկեղծ ժպիտով մոտենում, ողջունում է քեզ այս հրաշալի տան 14 տարվա հոգատար տնօրենը՝ Պերճ Չեքիջյանը։
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ թեև աշխատանքային օր չէր թանգարանում, բայց տնօրենը սիրահոժար ընդունեց մեզ և մեծ սիրով, անշտապ, իր հրաշալի հայերենով ու իմացությամբ ներկայացրեց թանգարանի ցուցանմուշներն ու պատմությունը. «Թանգարանի պատմությունը սկսվել է 1971 թվականին, երբ սկսել են հավաքել հայկական գրքեր, իրեր և պահել Մասաչուսսեթս նահանգի Բելմոնդ քաղաքի եկեղեցում։ Տարիների ընթացքում զգալիորեն համալրվել է թանգարանի հավաքածուն, դարձել մեծ ու հետաքրքրական։
Ամերիկայի հայկական թանգարանը Հայաստանից դուրս գործող միակ մեծ թանգարանն է, մեծ է անգամ Վիեննայի, Վատիկանի, Երուսաղեմի թանգարաններից։ Եթե նախկինում այցելուները միայն ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ապրող հայերն էին, ապա այժմ հաճախում են նաև տարբեր երկրներից, ինչպես նաև՝ Բոստոնի ոչ հայ բնակիչները։
Թանգարանի հավաքածուն ընդգրկում է 30 հազարից ավելի ցուցանմուշ՝ հին և միջնադարյան հայկական մետաղադրամներ, ազգային տարազներ, հայկական գորգեր, Ուրարտական թագավորության շրջանի իրեր, կերամիկա, 1915թ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի պատմություններ, թերթեր, քարտեզներ և այլն»:
Շատ հուզիչ էր տեսնել թանգարանում Դեր Զորի մանրակերտը, և նրա մեջ գտնվող խոշտանգված հայերի ոսկորները, սպանված դեռահասի վրայից հանված ու որպես հիշատակ պահված հնամաշ շորերը, ինչպես նաև՝ երկար ժամանակ օտար ազգի մոտ գտնված Սուրբ գիրքը։
Թանգարանի գրադարանն ունի 40 հազարից ավելի գրքեր, գրական և պատմական հրապարակումներ, այդ թվում՝ եզակի գրքեր, ինչպես օրինակ՝ Կիլիկիայից բերված 1207 թվականի «Կարապետի ավետարանը»։ Մինչ թանգարանում հանգրվանելը, այս Ավետարանը խնամքով փոխանցվել է 39 սերունդների։ Եվ Տեր-Կարապետյան տոհմի վերջին մարդը՝ Ջուլիա Կարապետյանը, որոշել է նվիրել թանգարանին։
Վերջերս թանգարանը հարստացել է կանադացի լուսանկարիչ (ծագումով հայ) Յուսուֆ Քարշի դիմանկարների հավաքածուով։ Դրանք եզակի դիմանկարներ են՝ Արամ Խաչատրյան, Մայր Թերեզա, Էռնեստ Հեմինգուեյ, Պաբլո Պիկասսո, Ուինսթոն Չերչիլ:
Ի դեպ, շատ հետաքրքրական է Չերչիլի դիմանկարի պատմությունը։ Երբ Անգլիայի վարչապետը 1941թ. Կանադա է այցելել, որպեսզի պառլամենտում քննարկի այդ երկրի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին, և Քարշը պետք է նկարեր նրան (այդ ժամանակ նա Կանադայի պառլամենտի լուսանկարիչն էր)։ Երբ նա հրավիրում է Չերչիլին իր արվեստանոց, նախապատրաստական որոշ քայլերից հետո նա վերջին պահին մոտենում և խլում է Չերչիլի ձեռքից նրա սիրելի սիգարը, ինչից վարչապետը խիստ զայրանում է, բայց Քարշը հասցնում է անմահացնել այդ պահը։ Այդպես է ծնվում ամբողջ աշխարհին հայտնի Չերչիլի խոժոռվ դեմքով լուսանկարը, որի ժամանակ վարչապետը արտաբերել է հետևյալ խոսքերը. «Ի՞նչ իրավունքով»։
Թանգարանը, որը ստեղծված է պահպանելու և ներկայացնելու հայ ժողովրդի ներդրումը պատմության, մշակույթի, արվեստի մեջ վերջին 3000 տարիներին, գործածվում է նաև որպես մշակույթի կենտրոն, որն էլ նպաստում է իր շուրջը համախմբել տեղի հայերին։ Իսկ «Բեդուկյան գալերիա» ցուցասրահում ընթերցվում են դասախոսություններ, կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ։
2017 թվականին թանգարանն ունի մեծ ծրագիր՝ կազմակերպել շարժական ցուցահանդես և Մ. Սարյանի նկարները ցուցադրել Ամերիկայի հայկական համայնք ունեցող բոլոր քաղաքներում (Բոստոն, Նյու-Յորք, Չիկագո, Լոս- Անջելես, Ֆիլադելֆիա)։
Ուրախալի էր լսել, որ Ամերիկայի հայկական թանգարանը համագործակցում է Հայաստանի թանգարանների հետ, հատկապես բարեկամական կապերի մեջ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ, որտեղ այժմ ցուցադրվում է իրենց թանգարանի 2 ցուցանմուշ։
Երբ հրաժեշտից առաջ պարոն Չեքիջյանին ասացի, որ Դուք մաթեմատիկոս եք, բայց հրաշալի գիտեք հայ ժողովրդի պատմությունը, նա պատասխանեց. «Դեռ մանկուց Երուսաղեմում ծնողներս ինձ դաստիարակում էին, որ ոչ միայն իմանամ մեր պատմությունը, մշակույթն ու սովորույթները, այլև պահպանեմ ու փոխանցեմ սերունդներին»։
Կարծում եմ՝ այս իմաստուն դաստիարակությունն ամեն հայի պարտականությունը պետք է լինի, նույնիսկ ավելին՝ կարողանալ զարգացնել հայ մշակույթի գոհարները։
«Հայերն այսօր»-ի թղթակից Ամալյա Իսայան
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ,
Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքային կազմակերպության անդամ