Տեղի ունեցավ տեսակոնֆերանս՝ Թբիլիսիի հայ համայնքի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս՝ Թբիլիսիի հայ համայնքի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի ներկայացուցիչների հետ:
Քննարկվեցին Թբիլիսիի հայ համայնքի ուծացման հիմնախնդիրներին և դրանց լուծման նպատակով ազգային դպրոց հիմնելու անհրաժեշտությանը վերաբերող հարցերը: Հեռակոնֆերանսի մասկնակիցներն անդրադարձան Վրաստանի հայկական դպրոցներին տրամադրվող դասագրքերի և մեթոդական ձեռնարկների բաշխման խնդիրներին, ինչպես նաև՝ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող համահայկական ծրագրերին Վրաստանի հայ համայնքի ներգրավվածությանը ու մասնակցության ակտիվացմանը:
Տեսակոնֆերանսի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա հավաստիացրեց, որ տեսակապի միջոցով ընթացիկ և հրատապ համայնքային հարցերի վերհանումն ու քննարկումը արդյունավետ միջոց է:
Ներկայացնելով Թբիլիսիի հայ համայնքում հայապահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի նախագահ Լևոն Չիդիլյանն ընդգծեց, որ վիրահայերը նույնպես միացել են «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը և պարբերաբար կազմակերպում են ուխտագնացություններ դեպի Արցախ՝ հատկապես երիտասարդներին ծանոթացնելով Արցախ աշխարհի պատմությանն ու հաղթանակներին: Նշվեց, որ շարժման շրջանակներում իրականացվում են նաև այլ նախաձեռնություններ:
Լևոն Չիդիլյանը հավելեց, որ վիրահայ համայնքում առանձնապես սիրված ու սպասված է «Արի տուն» ծրագիրը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ 2017թ. առավել մեծ թվով վիրահայ երիտասարդներ հնարավորություն ստանան մասնակցել հայրենաճանաչության ծրագրին:
«Հայարտուն» ԿՄԿ ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ 2015թ. Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի բնակարանը ձեռք բելելու և հայ համայնքին հանձնելու գործում աջակցության համար:
Երկուստեք կարևրորվեց Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Սփյուռք» ամառային դպրոցին և համահայկական մրցանակաբաշխություններին համայնքի առավել ակտիվ մասնակցությունը: