Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընթացքում հայերին փրկած մահմեդականների մասին պատմող նոր գիրք է հրատարակվել. CNN Turk-ի անդրադարձը

Ստամբուլում լույս է տեսել գրող, հրապարակախոս Բուրչին Գերչեքի` Հայոց ցեղասպանության տարիներին պետական քաղաքականության դեմ դուրս եկած և հայերին փրկած թուրքերի և քրդերի մասին պատմող գիրքը, որը կոչվում է «Հոսանքին հակառակ»:
CNN Turk-ի թուրք սյունակագիր Սերդար Քորուջուն, հատուկ անդրադարձ կատարելով հետաքրքիր այս աշխատությանը, իր հոդվածում օգտագործում է «ցեղասպանություն» բառը, փոխանցում է ԹԵՐԹ.ամ-ը:
Ըստ սյունակագրի` գիրքը հնարավորություն է տալիս 1915-ի մասին ուսումնասիրություններ կատարողներին ծանոթանալ խնդրի վերաբերյալ, թերևս, ամենաքիչ քննարկված թեմային` պետության հրամաններին դեմ դուրս եկածների պատմություններին:
Քորուջուն շեշտել է, որ թեման իսկապես արժանի է ուշադրության, քանի որ այդ տարիներին հայերին պաշտպանող մահմեդականները փաստացի վտանգի տակ էին դնում նաև իրենց սեփական կյանքը:
Սակայն, ինչպես իրավացիորեն նշում է թուրք սյունակագիրը, անհնար է չփաստել, որ հայ որբերին ու կանանց փրկող մահմեդականների մեծ մասը ունեցել է իր շահադիտական նպատակներ, իսկ իրական օգնողներին Սերդար Քորուջուն համեմատում է «օվկիանոսի մեջ կաթիլի» հետ:
Օրինակ` Արևմտյան Հայաստանի տարածքում հայ երեխաներին և կանանց պաշտպանության տակ առնող քրդական աշիրեթների մեծ մասը հետագայում բռնի ամուսնացրել և կրոնափոխ է արել հայ մանկահասակ աղջիկներին ու կանանց և որպես ստրուկ աշխատեցրել հայ տղա որբերին։ Քիչ չեն որդեգրման միջոցով հայ երեխաների ընտանիքների ունեցվածքին տիրանալու պատմությունները, որոնց նույնպես կարելի է հանդիպել Գերչեքի գրքում:
Սյունակագիրն ընգծում է, որ ներկայում քրդերի կողմից ակտիվորեն քարոզվող «քրդերը ցեղասպանության տարիներին օգտագործվել են պետության կողմից, մեծ մասն էլ օգնել ու փրկել է հայերին» թեզը նույնպես մնում է ստվերում հենց հայ որբերի շահագործման մասին նմանատիպ պատմություններով:
Բուրչին Գերչեքը գրքում անդրադարձել է հայերին փրկած բազմաթիվ թուրքերի, չերքեզների, ալբանացիների, քրդերի և արաբների պատմություններին: Աշխատությունից կարելի է ենթադրել, որ հայերի` հարևան այլադավանների կողմից փրկության դեպքերը ամենաշատը կապված են Դերսիմի շրջանի հետ, որտեղ հայ քրիստոնյաների կողքին բնակվում էին ալևի զազաները: Հեղինակը նաև փնտրել և զրուցել է հայերի փրկությանը նպաստած անձանց ներկայի սերունդների հետ: