Երկար սպասված Պատարագ Կուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցում.

Կուլիկամը Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է։ Գտնվում է Ախալքալաքից 2 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1.680-1.740 մետր բարձրության վրա, ջրառատ Աբլար վտակի աջ ու ձախ ափերին։ Գյուղն առանձնանում է գեղատեսիլ բնությամբ և սառնորակ ջրով:
Կուլիկամ գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի կեսերին՝ 1865 թ.։ Եկեղեցին վերանորոգվել և գործում է 2000 թ.-ից: Սակայն օծված չլինելու պատճառով երկար տարիներ է Սուրբ Պատարագ չի մատուցվել:
Ինչպես հայտնում է «Հայերն այսօրը»՝ հղում կատարելով Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվանին, Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից օրեր առաջ օծված Վեմքարը տեղադրելուց հետո սույն թվականի նոյեմբերի 26-ին Կուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցում, օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, ձեռամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, երկարատև դադարից հետո մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Չնայաց անչափ ցուրտ եղանակին՝ եկեղեցին մարդաշատ էր: Հավատացյալները եկել էին Սուրբ Խորհրդին հաղորդակից լինելու: Հընթացս Սուրբ Պատարագի արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, մեկնեց օրվա խորհուրդը:
Հուրախություն հավատավոր կուլիկամցիների, այսուհետև հաճախակի իրենց սիրելի եկեղեցու կամարների ներքո կհնչի Հայոց Սուրբ Պատարագի հոգեպարար մեղեդին: