Ջիգրաշեն գյուղի Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ

Նոյեմբերի 10-ին Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն համայնքում օրը լցված էր տոնական տրամադրությամբ: Գյուղը նշում էր բազում տարիներ առաջ ավերված, սակայն անցյալ տարի վերակառուցված և վերաօծված Սբ. Հրեշտակապետաց անունը կրող եկեղեցու միամյակը:
Օրվա պատարագիչը տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանն էր: Պատարագին ներկա էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբգէն վարդապետ Սալբիյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հավատացյալներ և ուխտավորներ՝ շրջանի տարբեր հայկական գյուղերից: Ուղիղ մեկ տարի առաջ Քսպոյան եղբայրների բարերարությամբ վերակառուցվել էր գյուղի Հրեշտակապետաց եկեղեցին և Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, Ջավախքի փոխանորդ Բաբգէն վարդապետ Սալբիյանի հանդիսապետությամբ կատարվել էր վերաօծման կարգ:
Ջավախքի առաջնորդական փոխանորդի և Նինոծմինդայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանայի գլխավորությամբ բազում հավատացյալներ ու ուխտավորներ եկել էին մասնակցնելու Սբ. և Անմահ Պատարագին:
Փոխանորդն իր խոսքում նշեց, որ այս ամենն արվում է, որ համայնքներն ամուր հոգևոր գիտակցություն ունենան և մշակութային կյանքով ապրեն:
«Այս համայնքներում տեսնում ենք մշակութային և հոգևոր կյանքի սակավություն: Ժամանկները փոխվել են, և հիմա գյուղի նվիրյալները ամեն ինչ անում են, որ եկեղեցին կանգուն և հավատացյալներով լի լինի»,- նշեց Ջավախքի փոխառաջնորդը:
Բաբգէն վարդապետ Սալբիլյանը իր օրհնությունն ու բարեմաղթանքը բերեց և բարձր գնահատեց Արսեն, Արարատ և Արմեն Քսպոյան եղբայրների ազգանվեր ու բարի գործը: Եվ առ ի գնահատանք նրանց կատարած աշխատանքի՝ Ջիգրաշենի Սբ. Հերշտակապետաց եկեղեցու բարերար Արսեն Քսպոյանին նվիրաբերեց Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» գիրքը և սրբապատկեր:
Նինոծմինդայի մշակույթի պարային ու երաժշտական խմբերը գյուղի մշակույթի տանը հանդես եկան համերգային ծրագրով: Հնչեցին հայրենասիրական երգեր, որոնք ուղեկցվեցին հայկական ազգային պարային կատարումներով:

Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

 

Scroll Up