«Հավատացեք եվ կկարողանաք…»

Տեղի ունեցավ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի և «Հարմոնիա» հոգեբանական հանրային զարգացման կենտրոնի «Ականջդ բեր ասեմ» ծրագրի հերթական հանդիպումը։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Արմենուհի Հովսեփյանը, այս անգամ հանդիպման հյուրերը երկուսն էին՝ «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, «Best» թիմի համահիմնադիր, բիզնես թրեյներ Վահագն Դիլբարյանը և իր գործընկեր Սարգիս Ալագուլյանը։
Հանդիպման սկզբում ՀՀԶԿ-ի նախագահ Աշխեն Մկոյանը և նշեց, որ ներկաները հնարավորություն ունեն նոր բացահայտումներ անելու, իմանալու բիզնեսին վերաբերող իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները փորձված մասնագետներից։
Ստեղծված մտերմիկ, շատ ջերմ միջավայրում Վահագնը և Սարգիսը պատմեցին իրենց անցած ճանապարհի, հաղթահարած խոչնդոտների մասին։ Ներկայացրեցին, թե ինչպես կարելի է մտնել բիզնեսի ոլորտ, ինչպես կարելի է այդ ոլորտում հաջողությունների հասնել։ Վահագնը խոսեց իր «100 բիզնես գաղտնիքներ» գրքի մասին և պատմեց, թե ինչպես է ծնվել այն գրելու և այդպես վերնագրելու գաղափարը։ Խոսեց նաև բիզնեսի գաղտնիքների մասին, նշեց, որ այդ ոլորտում ամենակարևորը հոտառությունն է, իսկ հաջողության գրավականը՝ փորձը։ Բիզնեսմենը պետք է լավ հոտառություն ունենա, այդ պատճառով էլ պետք է լավ տեղեկացված լինի և ասաց.« Եթե ինֆորմացիային առաջինն ես տիրապետում, ուրեմն հաղթող ես»։
Սարգիսն էլ ներկայացրեց, թե ինչպես կարելի է մարդկանց վրա ներգործություն ունենալ և նրանց ուշադրությունը գրավել։ Նրանք սիրով պատասխանեցին ներկաների առաջադրած հարցերին և փորձեցին նրանց ներկայացրած խնդիրներին լուծում տալ և պատրաստակամություն հայտնեցին բիզնեսի ոլորտում ներկաներին ցանկացած հարցում օգնելու։
Նշենք նաև, որ հանդիպումը բաղկացած էր մի քանի մասերից, նրանք պատասխանեցին նաև ծրագրի ավանդական բլից հարցերին։ Հանդիպման վերջում Վահագն Դիլբարյանը խորհուրդ տվեց երիտասարդներին. «Ինչ գաղափար էլ իրականացնելու լինեք, միշտ հավատացեք ինքներդ ձեզ, ձեր ուժերին և ամեն ինչ կկարողանաք»։