Ավստրիահայ երգիչ Մայք Մովսեսյանը՝ Հայաստանում կայացած համերգային ծրագրերի մասին

Ավստրիահայ հայտնի երգիչ Մայք Մովսեսյանն օրերս Հայաստանում էր: Երգիչը հոկտեմբեր ամսին համերգային ծրագրով հանդես եկավ Երեւանում, Էջմիածնում եւ Գյումրիում:

«Չնայած Ավստրիայում եմ ծնվել եւ մեծացել՝ ինձ միշտ ձգում է հայրենիքը: Եթե հաշվենք այս անգամվա 3 համերգներս, արդեն 8 համերգ եմ ունեցել Հայաստանում: Առաջին անգամ այստեղ ելույթ եմ ունեցել 2011 թ-ին: Ինչ վերաբերում է այս տարվա համերգներիս՝ դրանք շատ բուռն անցան: Հանդիսատեսն ինձ շատ ջերմ ընդունեց: Հատկապես, Գյումրիում եւ Էջմիածնում ինձ համար շատ անսպասելի էր այդ ընդունելությունը, քանի որ այնտեղ դեռեւս համերգներ չէի ունեցել»:

Երգիչը խոսեց նաեւ ներկայացրած համերգային ծրագրի մասին.

«Հիմնականում ներկայացա լատին-ջազ ծրագրով՝ կենտրոնացած Son, ChaChaCha, Rumba, Bolero ռիթմերի վրա: Մեծամասամբ կատարեցի լատինաամերիկյան հեղինակների երգերը: Ինձ նվագակցում էր Con Alma բենդը, որը հենց կենտրոնացած է այս ժանրի վրա»:

Մայքն այստեղ եղած ժամանակահատվածում հասցրել է նաեւ վարպետության դաս ունենալ Երեւանի պետական բժշկական համալսարանում:

«Դասընթացի թեման էր «Ուղեղի մարզումը երաժշտական ռիթմերի միջոցով»: Խոսեցի այն վարժությունների մասին, որոնց միջոցով կարող ենք մարզել ուղեղը, ուժեղացնել մեր սովորելու կարողությունը, դրական ազդեցություն ունենալ տրամադրության վրա..»:

Երգչից հետաքրքրվեցինք նաեւ, թե Հայաստանի հետ կապված էլ ինչ ծրագրեր ունի առաջիկայում:

«Դեռ ֆիքսված ծրագիր չունեմ, բայց կաշխտեմ շուտ վերադառնալ: Մի նախագիծ կա, որի շուրջ արդեն սկսել եմ աշխատել: Այն ջազի լավագույն ներկայացուցիչների մասին է լինելու: Պատրաստ լինելու դեպքում անպայման կխոսեմ այդ մասին»:

Սյունե Առաքելյան

NEWS.am STYLE

Scroll Up