ՀԲԸՄ 110 ամյակին նվիրված միջոցառումների շաբաթը Հայաստանում կմեկնարկի դեկտեմբերի 1-5-ը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/unnamed.jpg)
Տարեկան Շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հիմնադրման 110-ամյակին նվիրված Հայաստանյան միջոցառումների շարքը կանցկացվի դեկտեմբերի 1-5-ը Երևանում: Անցնող 110 տարիների ընթացքում միությունը հանդիսացել է փարոս հայության համար Հայաստանում և սփյուռքում: Միջոցառումների շարքը համախմբելու է ՀԲԸՄ-ի ղեկավարությանը, անդամներին, գործընկերներին, բարեկամներին՝ տոնախմբելու նշանակալի այս իրադարձությունն ու վերահաստատելու «ՄԻՈՒԹԻՒՆԸ ԶՕՐՈՒԹԻՒՆ է» ՀԲԸՄ-ի երկարամյա կարգախոսը:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սփյուռքի խոշորագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է, որը նվիրվել է հայկական ժառանգության պահպանմանը՝ կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով: Միության առաջնորդների տեսլականի, ինչպես նաև նրա նվիրյալ բարերարների ու անդամների օժանդակության միջոցով միությունը տարիներ շարունակ ծանրակշիռ դերակատարություն է ունեցել հայկական արժեքների և ավանդույթների պահպանման գործում՝ որդեգրելով բոլոր ժամանակների պահանջներին ու կարիքներին համահունչ ծրագրեր:
1906թ.-ից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր կոչումին՝ համայն հայության բարգավաճմանը նպաստող հիմքերի ստեղծմանը: Այսօր Միությունն ունի 74 շրջանակային հանձնաժողովներ, մասնաճյուղեր, գործընկեր կազմակերպություններ, 28 երիտասարդ արհեստավարժների համախմբումներ, 24 դպրոցներ, մշակութային ու երիտասարդական տասնյակ կենտրոններ, գեղարվեստական, մարզական ու սկաուտական խմբեր: Իր պատմության ողջ ընթացքում Միությունը հավատարիմ է մնացել նաև իր հիմնադիրների տեսլականին՝ ներդրումներ կատարել հայ ժողովրդի բարոյական և իմացական զարգացման ասպարեզներում ու կենտրոնանալ բոլոր համայնքներում կայուն զարգացման ծրագրերի վրա: Տեսլական, որն այսօր նույնպես շարունակվում է՝ ի նպաստ առավել պայծառ ապագայի կերտմանը:
Հոբելյանական միջոցառումների ծրագիրը՝
Դեկտեմբերի 1 – 18:00 – ՀԲԸՄ գործընկերների գնահատանքի օր
Դեկտեմբերի 2 – 11:00 – Մամուլի ասուլիս
– «ՀԲԸՄ հարյուրամյա պատմություն» էլ. գրքի շնարհանդես` Հայկական վիրտուալ համալսարանի ներկայացմամբ
– #Snapshot110 լուսանկարչական ցուցահանդես
19:00 – «ՀՈԳԻՍ» երաժշտական պարային ներկայացում Օպերայի դահլիճում
Դեկտեմբեր 3 – 14:00 – «ՀԲԸՄ զրույցներ» վարչապետ Կարեն Կարապետյանի հետ
Դեկտեմբեր 4 – 19:00 – Գալա ընթրիք–դրամահավաք
Դեկտեմբեր 5 – 10:00 – «Օգնենք Արցախին» արշավ. բուժսարքվորումների նվիրաբերում ՀՀ Պաշտպանության նախարարությանը
15:00 – Սիրիահայերի բժշկական կենտրոնի պաշտոնական բացում՝ ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում
ՀԲԸՄ Հայաստանի ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.agbu.am
ՀԲԸՄ ընդհանուր գործունեությանը ծանոթանալու համար, այցելեք www.agbu.org