Իսպանաբնակ հայ գրողի փնտրտուքներն ամփոփվել են մեկտեսանյութ գրքում. Երևանում կայացավ «Փնտրտուքների ճանապարհին» գրքի շնորհանդեսը.

Հայրենասիրական երգերի կատարումներ, բանաստեղծական հատվածների ընթերցումներ, շնորհավորական ելույթներ: Հենց այսպես սկսվեց օրերս Երևանում կայացած «Փնտրտուքների ճանապարհին» խորագրով գրքի շնորհանդեսը:

Իսպանաբնակ հայ գրող` Արարատ Ղուկասյանի հեղինակած նշյալ գիրքը թվով չորրորդ հրատարակությունն է նույն խորագրով և իրենից ներկայացնում է մանկության, սիրո, հայրենիքի, նաև խոհափիլիսոփայական բովանդակության բանաստեղծությունների ժողովածու:

Մասնագիտությամբ պատմաբան, Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, Վալենսիա  քաղաքի  «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով նաև իր գրքի հեղինակն է, գտնվում է անվերջ փնտրտուքների մեջ: Հեղինակը նախատեսում այդ փնտրտուքները  վերջանականապես ավարտել 2018 թվականին, երբ գրքում տեղ կգտնեն այն բոլոր ստեղծագործությունները, որոնք նախկին հրատարակություններում ընդգրկված չեն եղել:

Ա. Ղուկասյանի փոխանցմամբ` «Փնտրտուքների ճանապարհին» գիրքը երկու անգամ հրատարակվել է նաև Մոսկվայում, իսկ 2014 թվականին շնորհանդեսներ են կազմակերպվել Վալենսիայում, Բարսելոնայում, Մադրիդում, Էլդայում, Մոսկվայում:

Բացի Երևանից, «Փնտրտուքների ճանապարհին» խորագրով 4-րդ գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու նաև Արցախում, մասնավորապես, Շուշիում, Մարտակերտում և Մադաղիսում, այնուհետև Դանիայում ու Ֆինլանդիայում:

Վերջին երկու երկրների ընտրությունն ըստ Ա. Ղուկասյանի` պայմանավորված է տեղի համայնքների ցուցաբերած հետաքրքրվածությամբ:

Իսպանաբնակ հայ գրողը Հայաստանում մի շարք ծրագրեր ունի իրականացնելու, մասնավորապես, նա նախատեսում է Հայաստանի տարբեր քաղաքներում բացել Սերվանտեսի անվան անկյուններ, տեղադրել իսպաներեն գրքեր, որոնք հնարավորություն կտան իսպաներեն սովորել ցանկացող հայ երիտասարդներին առավել սերտորեն առնչվել այդ լեզվի և մշակույթի հետ, ինչպես նաև այդ կերպ նպաստել իսպանացի զբոսաշրջիկների հետաքրքրվածության բարձրացմանը Հայաստանի ու հատկապես մարզերի նկատմամբ:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

Տեսանյութը և լուսակարները` «Նոյյան Տապան»-ի 

670e1432d8

Scroll Up