Հայ-լեհական գրական հանդիպում Պոզնանում

2016 թվականի նոյեմբերի 8-ին Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միցկևիչի անվան գրադարանում «Պոեզիայի նոյեմբերի» 39-րդ միջազգային հանդիպումների շրջանակներում տեղի ունեցավ հայ-լեհական գրական հանդիպում, որին մասնակցելու նպատակով Լեհաստան էին ժամանել Հայաստանի Գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ՀԳՄ անդամ, բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը, ինչպես նաև բուլղարուհի բանաստեղծ Վանիա Անգելովան: Այս մասին orer.eu-ին հայտնում են Լեհաստանում Հայաստանի դեսպանությունից։
Միջոցառմանը մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Հանդիպումը վարում էր լեհ գրող, ՀԳՄ պատվավոր անդամ Կալինա Իզաբելա Ժիոլան:
Հանդիպման ընթացքում Լեհաստանի գրողների միության Պոզնանի մասնաճյուղի նախագահ Պավել Կուշչինսկին «Լեհ-հայկական մշակութային համագործակցության զարգացման» հուշամեդալով պարգևատրեց Հայաստանի Գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանին և ՀԳՄ անդամ, բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանին:
Այնուհետև լեհ բանաստեղծներն ընթերցում էին 2016 թվականին «Արմավ» հրատարակչության կողմից «Որպես ձեռքսեղմում. Լեհական պոեզիայի անթոլոգիա» ժողովածում տպագրված իրենց հեղինակած ստեղծագործությունները, որոնք թարգմանաբար հայերեն և բուլղարերեն լեզուներով ներկայացնում էին Գագիկ Դավթյանն ու Վանիա Անգելովան: Գրական ընթերցումներն ընդհատվում էին հեղինակային երգի լեհ կատարող Թոմաշ Բատենչուկի Գագիկ Դավթյանի բանաստեղծությունների բառերով գրված երգերով:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև վերջին տարիներին հայերեն և լեհերն լեզուներով հրապարակված և երկու լեզուներով թարգմանված գրական ստեղծագործություններն ու հրապարակված գրքերը:
ՕՐԵՐ