Իտալիա. Վախճանվել է անվանի ճարտարապետ Հայկ Ուլուհոջյանը

Հոկտեմբերին Իտալիայի Պարմա քաղաքում վախճանվել է  հայտնի ճարտարապետ Հայկ Ուլուհոջյանը։ Այդ մասին գրել են նաեւ տեղական թերթերը, նշելով, որ ,,քաղքը ողջում է ողբում է ճարտարապետ Հայկ Ուլուհոջյանի կորուստը: Նա նախագծել էր նաեւ մեր քաղաքի Վերդիի անվան օդանավակայանը»:

Այս մասին ԱԶԳ շաբաթաթերթին է փոխանցել Արա Զարյանը Իտալիայից։ Նա ներկայացրել է նաեւ հայ ճարտարապետի կենսագրության որոշ դրվագներ։

,,Հայկ Ուլուհոջյանը ծնվել է 1946 թ. Պարմա քաղաքում: Հայազգի ընտանիքը, Մեծ եղեռնից խուսափելու նպատակով փախել է Անատոլիայի Խարփութ քաղաքից եւ հանգրվան գտել Իտալիայում: Հայրը ուսանել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում:

Հայկը միջնակարգ կրթությունը ստանալուց հետո, ընդունվել է Ջենովայի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ եւ 1964 թվականին ավարտել Վենետիկի Համալսարանական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը, ատենախոսության ղեկավարներ ունենալով իտալացի անվանի ճարտարապետներ Կառլո Սկարպային ու Ջուսեպպե Գամբիրազոյին:

Ավարտելուց հետո աշխատել է ճարտարապետ Գուիդո Կանալեի արվեստանոցում: 1977 թվականից հիմնում է իր նախագծային արվեստանոցը: Նախագծային գործունեությանը զուգահեռ, համագործակցում է Միլանի Հայ մշակույթի ուսումնասիրման եւ վավերագրման կենտրոնի ու Միլանի Պոլիտեխիկ ինստիտուտի Ճարտարապետության ամբիոնի հետ, նվիրվելով հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրությանը:

Արդի ճարտարապետության վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակ է, ղեկավարել է իտալական մասնագիտական ամսագրեր ու լրատվական հաղորդումներ: Նախագծային աշխատանքներից շատերը պարգեւատրվել են իտալական եւ միջազգային ամենաբարձր դիպլոմներով:

Նախագծել է բնակելի համալիրներ, բանկեր, հյուրանոցներ, մարզական համալիրներ, հասարակական շենքեր: Հանգստի ու տուրիստական Դոննաֆուգատա Գոլֆ Ռեսորտ համալիրի համար 2010 թվականին պարգեւատրվել է Իտալիայի առաջին կարգի մրցանակով:

Իր ծննդավայր Պարմա քաղաքում նախագծել ու կառուցել է Մարզային պալատը, Մաջջիորե հիվանդանոցի գլխավոր մուտքը, Ունիկրեդիտ բանկի շենքը եւ քաղաքի Ջուսեպպե Վերդիի անվան օդանավակայանը:

Շվեցարացի ճարտարապետ Մարիո Բոտտայի հետ նախագծել է Բուենոս Այրեսի Աշխատանքի ազգային բանկի շենքը,,- գրել է հեղնակը:

Scroll Up