Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների ճնշող մեծամասնությունը վերընտրվել է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/Armenian-Caucus-Members-Overwhelmingly-Re-Elected-To-Congress.jpg)
2016թ. ընտրություններից հետո Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների 97%-ը վերընտրվեց, հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Չնայած Հանձնախմբի թեկնածուները հնչեղ հաղթանակ են գրանցել այս ընտրություններում, 11 անդամներ Կոնգրես չեն վերադառնա՝ թոշակի անցնելու, հրաժարականի կամ այլ պաշտոնի անցնելու պատճառով:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներից երեքն այլ պաշտոնների համար մրցապայքարում են հաղթել. կոնգրեսական Ջենիս Հանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) Լոս Անջելեսի Շրջանի ղեկավարների խորհրդում, Քենդիս Միլլերը (հանրապետական, Միչիգան) որպես Մաքոմ Շրջանի հանրային ծառայության հանձնակատար և Քրիս Վան Հոլլենը (դեմոկրատ, Մերիլենդ) ԱՄՆ Սենատում՝ պարտության մատնելով թուրքական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսական Դոնա Էդվարդսին Մերիլենդի նախնական ընտրություններում:
Համանախագահներ Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեքի Սփայերը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեյվիդ Վալադաոն (հանրապետական, Կալիֆորնիա) և փոխնախագահներ Ադամ Շիֆն (դեմոկրատ, Կալիֆորնիա) ու Դեյվ Թրոթը (հանրապետական, Միչիգան) 115-րդ Կոնգրեսի վերընտրված անդամներից են: Այնուամենայնիվ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ռոբերտ Դոլդը (Հանրապետական, Իլինոյս) պարտվեց դեմոկրատ թեկնածու Բրեդ Շնայդերին:
«Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորական ուղերձ է հղում Կոնգրեսում մեր բոլոր ընկերներին՝ նրանց հաջողությամբ վերընտրվելու կապակցությամբ: Մենք լիահույս ենք աշխատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների և փոխնախագահների հետ՝ հզորացնելու հանձնախումբը և ընդլայնելու վերջինիս անդամակցությունը», – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Համագումարը երախտագիտություն է հայտնում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ռոբերտ Դոլդին՝ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Հայաստանին և ամերիկահայ համայնքին նրա նվիրվածության համար, և հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ 304 և 154 բանաձևերը հովանավորելու համար»:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է