«Հայերէնը Նահանջում Է Ֆրանսայում». Հարցազրոյց Մարսէյի 2 թաղամասերի թաղապետ, Մարսէյի հայ մշակոյթի տան նախագահ Կարօ Յովսէփեանի հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/11/garo-300x200.jpg)
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ դժուարութիւններ կան ֆրանսահայ համայնքի առջեւ: Ի՞նչ դժուարութիւններ կ՛առանձնացնէք:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ֆրանսահայ համայնքը, որ հարուստ է իր պատմութեամբ, ապրում է մշակութային իր հիմնական արժէքների ճգնաժամը: Ինձ համար մեր ինքնութիւնը պահելու, պաշտպանելու, զարգացնելու եւ առաջադիմելու համար հիմնական են` լեզուն, մշակոյթը, լեզուին եւ մշակոյթին տանող բոլոր անելիքները, որտեղ այսօր նահանջում ենք: Մարսէյը Ֆրանսայի ամենահայաշունչ եւ հայադրոշմ գաղութն է, որը, սակայն, կորցնում է իր վաւերական ինքնութիւնը, քանի որ այլեւս քիչ է գործածւում լեզուն, հայերէն շատ քիչ է գրւում, հայերէն գիրք գրեթէ չի տպւում: Սա մտահոգիչ է ինձ համար: Թէկուզ այսօր Հայաստանը իտէալ պատկեր է հայերի համար, բայց դա չի բաւեր: Որպէսզի սփիւռքը կարողանայ շարունակել իր պատմութիւնը, իր ընթացքը, պէտք է կարողանայ պահել եւ զարգացնել իր ներքին զէնքերը:
Հ.- Իսկ ինչպիսի՞ն պէտք է լինի Հայաստանի դերակատարումն այդ հարցում:
Պ.- Շատ բաներ կարող ենք ակնկալել Հայաստանից, բայց հիմնականը միայն պատկերներ չեն, այլ ունենալ իր սեփական զէնքերը` դիմադրելու, յարատեւելու համար: Այսօր հայապահպանումը սփիւռքի մէջ կամ Մարսէյում միայն հայ անունով ապրելը չէ, այլ` հայապահպանումը, ուրիշների կամ Հայաստանի առաջադիմութիւնների վրայ խանդավառութեամբ ծափահարելը չէ, այլ դրա համար պէտք է լծուենք, որ հայապահպանման մեր ամէնօրեայ աշխատանքը եւ դաւանանքը դառնայ ապրում եւ կամք` վաղուայ դժուարութիւնները դիմագրաւելու համար: Այսօր Ֆրանսայում կամ Մարսէյում սերունդ կայ, որ հայերէն գրեթէ չի խօսում: Կայ մէկ միօրեայ դպրոց` Համազգայինի դպրոցը, շաբաթօրեայ դպրոցներ, բայց դրանք չեն բաւեր: Հայերէնը նահանջում է Ֆրանսայում: Եւ այստեղ է մեր ամենամեծ դժուարութիւնը:
Հ.- Իսկ այդ սերունդը, որ հայերէն չի խօսում, գոնէ ունի՞ հայկականութիւն:
Պ.- Ես այն անձերից եմ, որ ասում եմ` միայն ոգին չի բաւեր: Ոգին գնայուն է, լեզուն եւ մշակոյթը` մնայուն: Ոգին կարող է լինել մէկ դէպքի հետեւանք: Օրինակ, այսօր հաւաքւում են Ցեղասպանութիւնը ճանաչել տալու հարցի շուրջ, եւ գոնէ դրա համար երիտասարդները հաւաքւում են, պահանջներ են ներկայացնում, իր պատմութեան ճշմարտացիութիւնը ճանաչել է պահանջում: Սա կայ, բայց դա չի նշանակում, որ վաղը, միւս օրը կամ 5-15 տարի յետոյ նոյն ոգին կը կարողանան պահել: Հիմնականը եւ հասարակաց գօտին բոլոր հայերի համար իրենց հայկականութիւնն ու հարազատ ինքնութիւնն է:
Հ.- Կարելի է՞ իմանալ` որպէս 2 թաղերի քաղաքապետ, ի՞նչ իրաւասութիւններ ունէք:
Պ.- Իմ ղեկավարած 2 թաղամասերն ընդգրկում են 150.000 մարդ, որտեղ կան ամէնօրեայ գործեր, աշխատանքներ, ինչ որ կայ քաղաքում:
Հ.- Իսկ այդ թաղամասերը հայաշա՞տ են:
Պ.- Իմ շրջանի մէջ բազմաթիւ հայեր կան, ովքեր ապրում են այդտեղ, բայց, ցաւօք, նրանցից շատերը նոյնիսկ դէպի ձուլում են գնացել: Իսկ հայկական շրջանի ներսում միշտ փորձում եմ հայ լեզուն, մշակոյթը, երգը, հայկականութիւնը շարունակել:
Հ.- Դուք նշեցիք, որ աշխատում էիք նաեւ «Յառաջ» թերթում: Կարեւորու՞մ էք մամուլի դերը հայապահպանման հարցում:
Պ.- Նախ նշեմ, որ «Ազդակ»-ի խմբագիրների հետ ծանօթ եմ եղել, որովհետեւ ես էլ դաշնակցական էի: «Յառաջ»-ի մէջ աշխատում էի նաեւ` որպէս թղթակից հարաւային շրջանի համար, եւ նաեւ` խմբագիր, երբ պէտք էր լինում: Այնպէս որ, իմ կապերը հայ մամուլի հետ ամուր են: Բայց, դժբախտաբար, 400-500.000 հայութիւն ունեցող գաղութի մէջ, երբ հայատառ օրաթերթ կամ շաբաթաթերթ կայ, միայն 100 հոգի են ստանում, իսկ այդ ստացողների, հաւանաբար, միայն կէսը կը կարդան: Դժբախտութիւնն այդտեղ է: Այսօր Ֆրանսայում եթէ հայատառ գիրք հրատարակենք, կարդացող չկայ, չէք կարող վաճառել, նոյնիսկ եթէ նուէր լինի այն, պիտի մնայ գրադարանների փոշու տակ:
Հ.- Բայց ինչո՞ւ:
Պ.- Ինչո՞ւ…որովհետեւ լեզուն կորցնում ենք: Հայոց լեզուն այլեւս արտայայտութեան, յարաբերութեան, ստեղծագործութեան միջոց չէ, իսկ ստեղծագործութիւնն արդէն չկայ:
Հ.- Ին՞չ էք զգում հիմա:
Պ.- Տարիների ընթացքում պէտք եղած աշխատանքը չտարուեց, որպէսզի դպրոցները բազմապատկենք: Բայց նաեւ պէտք է ասել, որ ֆրանսական քաղաքակրթութիւնն այնպիսին է, որ ինքնաբերաբար ներգրաւուում են:
Հ.- Արմատներով որտեղի՞ց էք:
Պ.- Ես ծնուել եմ Մարսէյում, մեծացել եմ այնտեղ: Մինչեւ 6 տարեկան խօսում էի հայերէն: Յաճախել էմ Փարիզի Մխիթարեան վարժարան, այնուհետեւ Մարսէյի համալսարանը, որտեղ սովորել եմ ուսողութիւն, ապա երկար տարիներ աշխատել եմ որպէս ուսողութեան ուսուցիչ: Շատ երիտասարդ տարիքում եղել եմ հայկական կազմակերպութիւնների մէջ` Դաշնակցութիւնում, «Նոր սերունդ»-ում, իսկ վերջին 15-20 տարիներին մտել եմ Մարսէյի քաղաքական կեանքի մէջ, 3 տարի եղել եմ Մարսէյի քաղաքապետական խորհրդի անդամ, Մարսէյի 2 ամենաբազմանդամ շրջանների քաղաքապետ: Երկար տարիներ դասաւանդել եմ նաեւ հայերէն:
Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ
Երեւան-Պէյրութ
aztagdaily.com