Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրից 6,5 հազար տարվա վաղեմություն ունեցող ատամ են պեղել

Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրից հնագետները 6,5 հազար տարվա վաղեմություն ունեցող ատամ են պեղել:
Լեռնային Ղարաբաղի Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում գտնվող Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրում իրականացված պեղումները բավական արժեքավոր արդյունքներ են գրանցել: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ քարանձավի մակերեսային շերտերը 50-60 տարվա վաղեմություն ունեն, իսկ դա այն ժամանակաշրջանն է,երբ ժամանակակից մարդն ապրել է նեանդերթալյան մարդու հետ: Ք.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 1-ին դարը քարանձավը հեթանոսական պաշտամունքի վայր է եղել:
Արշավախմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց, որ քարանձավի այս տարվա պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների 95-98 տոկոսը կենդանիների մնացորդներ են: «Ամենահետաքրիր գտածոն մարդու ազդոսկրի մի մասնիկն էր, որը դեռ սպասում է իր խորը ուսումնասիրմանը, քանի որ շատ վատ է պահպանված, բայց հուսով ենք, որ որոշակի գենետիկական նյութ կգտնենք այդ գտածոյից»,-ասաց նա:
Եպիսկոպոսյանի խոսքով` 2015 թվականի պեղումների արդյունքում այդ նույն քարանձավից հնագետները հայտնաբերել են մարդու ատամ, որը պատկանել է էնեոլիթի ժամանակաշրջանին: «Հետազոտությունների արդյունքում պարեցինք, որ ատամը 6,5 հազար տարվա վաղեմություն ունի եւ պատկանել է մեր նախնիներին: Այս գտածոն եւս մեկ անգամ վկայում է ժառանգական անընդհատության փաստի մասին»,-ասաց արշավախմբի ղեկավարը, հավելելով, որ Ալեքսանա Ղուզեն այն բացառիկ քարանձավային համալիրներից է, որտեղ, կապված եղանակային բարենպաստ պայմանների հետ, կենսաբանորեն բավական լավ են պահպանվել գտածոները:
Ալեքսանա Ղուզե քարանձավում պեղումները սկսվել են օգոստոսի 1-ին եւ ավարտվել օգոստոսի 15-ին: Տեղում աշխատել է հայ-լեհական արշավախումբը:
Արշավախումբն ապագայում կհամալրվի նոր մասնագետներով, որպեսզի կատարվեն համապարփակ ուսումնասիրություններ։ Դրանք հնարավորություն կտան վերականգնելու քարանձավային համալիրի բնակիչների կենցաղին վերաբերող մանրամասներ, որոշակիացնել տարածքի բնապատկերը, եւ այլն: