Մեր սիրելի գործընկերոջ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Մուրադյանի հիշատակին
Ուշ աշնանային արևոտ օրերին կյանքից հեռացավ երկարամյա, վաստակաշատ օպերատոր, լրագրող, Հայաստանի թատերական գործիչների և ժուռնալիստների միության անդամ Սուրեն Մուրադյանը՝ մարդ, ով իր գիտակցական ողջ կյանքն անմնացորդ նվիրել էր սիրած գործին: Հանրային հեռուստատեսության հիմնասյուներից մեկն էր Սուրենը, ում աշխատանքային արգասաբեր գործունեության համագործակցությամբ ստեղծված տասնյակից ավելի ֆիլմերն ու ներկայացումները, բարեկամության խաղերի համաշխարհային փառատոներն ու երգի մրցույթները, եթերից հեռարձակվող հաղորդաշարերն ու լրատվական ծրագրերը տարբերվում էին բոլորից իր՝ Մուրադյանական ձեռագրով և ինքնատիպ մատուցմամբ:
Թե՛ Հանրային հեռուստատեսությունում, «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնում, թե՛ «Ար» հեռուստաընկերությունում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունում աշխատած տարիներին Սուրեն Մուրադյանը կերտել է արհեստավարժ ու բանիմաց օպերատորի օրինակելի կերպար, ով այս բնագավառում ունեցած իր մեծ փորձն ու գիտելիքներն է փոխանցել երիտասարդներին: 150-ից ավելի բեմադրություններ և հաղորդումներ է ստեղծել նա, ապրել իր օպերատորական խցիկի հետ մի ողջ կյանք, այդ տեսախցիկից նայել աշխարհին ու դրանով հավերժացրել անցնող ակնթարթներն ու մարդկանց:
Իր երկարատև ու բարձրարժեք, արհեստավարժ գործունեության համար Սուրեն Մուրադյանն արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, պարգևատրումների ու տիտղոսների՝ թե՛ Հայրենիքում, թե՛ Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության կողմից, սակայն արվեստի, լրագրության նվիրյալի ունեցած ամենաբարձր պարգևը նրա ստեղծած մնայուն արժեքներն են, ձեռքբերումները՝ ընտանիքն ու հարազատների, գործընկերների սերն ու հարգանքը, մարդու՛ կոչումը:
Պայծառ հիշատա՛կ հավերժության ճամփան բռնած մեր գործրնկերոջը:
Կարինե Ավագյան