Անկախության ոգին
Հայի վաղեմի երազանքներից է եղել ազատ ու անկախ տեսնել իր հայրենի հողը՝ նախնյաց բնօրրանը և ապրել ու վայելել այդ երկիր դրախտավայրը տիրոջ իրավունքով։
Բոլոր ժամանակներում հայազգի առաջադեմ ու պետականորեն մտածող գործիչները քաջ գիտակցել են այդ ազատության ու անկախության գինը։ Եվ պատահական չէր, որ մեծ դեմոկրատ, գրող և հրապարակախոս Միքայել Նալբանդյանի բոցաշունչ քերթվածքը դարձավ մեր ազգային օրհներգը․
․․․Բայց երանի՜, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։
Ազատության ասպետի այս ոգեշնչող տողերն արդիական են այսօր ևս։ Դրա անխոս վկան է փառքի և անմահության պանթեոնը՝ «Եռաբլուրը», ուր խաղաղ հանգչում են հայրենիքի հանդեպ իրենց սրբազան պարտքը կատարած հերոսները․բազում կյանքեր՝ նվիրաբերված հայրենիքի ազատությանը ․․․Այստեղ աչքի են զարնում ապրիլյան քառօրյա պատերազմում ընկածների թարմ շիրիմները։ Անխոս շիրմաքարերն իրենց «լռության ձայնով» յուրաքանչյուր այցելուի հիշեցնում են, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը․
Ես ամբողջովին քո՛նն եմ, հայրենի՛ք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա․․․
Անցնելով ժամանակների թոհուբոհի միջով՝ հազարամյակի սահմանագլխին հայ ժողովուրդն այդքան թանկ գնով իրականացրեց իր բազմադարյա երազանքը։ Հավաստումը եղավ՝ Արցախյան հերոսամարտի հաղթանակով պսակվեց Նաիրյան մեր չքնաղ երկրի անկախությունը։ Մեզ համար սկսվեց մի նոր պատմություն ․մեր երկիրը ճանաչվեց միջազգային հանրության կողմից, մեր եռագույնը դարձավ խորհրդանիշն ու վկան մեր անցած ուղու և նշանակալից ձեռքբերումների․․․
Անկախության ծնունդ էր նաև Սփյուռքի նախարարությունը, որն անգնահատելի ավանդ ունի աշխարհասփյուռ հայության համախմբան, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում։ Անկեղծորեն եմ ասում՝ փառապանծ ազգի պանծալի դուստրը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ամեն մի հային տուն կանչող մայր է՝ լցված անսահման բարությամբ ու ջերմությամբ, իսկ նրա ղեկավարած կառույցը լույս- փարոս՝ տունդարձի ճամփաներին։ Իր ծավալած բազմաբնույթ գործունեությամբ նախարարությունը դարձել է ազգապահպան մի գեղեցիկ օջախ, որը համայն աշխարհում վառ է պահում հայապահպանության ոգին։ Հանձինս տիկին նախարարի՝ այս ազգանվեր կառույցը վայելում է աշխարհասփյուռ հայության սերն ու վստահությունը։ Այն ոչ միայն հյուսում է կապը օտար ափերում ապրող հայերի և հայրենիքի, այլև կապում սիրո ու բարեկամության կամուրջներ սփյուռքահայերի միջև, փոխըմբռնման, համատեղ, միասնական աշխատանքի առիթներ ստեղծում։
Այդ առումով ուշագրավ էր լրագրողների համահայկական 8-րդ՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրը կրող համաժողովը՝ ընծայված քառորդդարյա հոբելյանին։ Համաժողովը, որի աշխատանքներին չէի կարող անտեղյակ մնալ և հետևում էի համացանցի օգնությամբ, խթանում է համահայկական լրատվական աշխարհի համագործակցության սերտացմանը՝ հանուն ՀՀ պետականության ամրապնդման, ազատ ու անկախ Հայաստանի և Արցախի հանրապետությունների բարգավաճման։
Այս առիթով չեմ կարող նաև թաքցնել զգացմունքներս և հիացմունքս չարտահայտել իմ սիրելի «Հայերն այսօր»-ին, որը համայն հայության կյանքը լուսաբանող տեղեկատու չէ սոսկ, այլ խանդավառող, դրական լիցքեր հաղորդող հզոր ուժ։ Արհեստավարժ գլխավոր խմբագրի և նրա շնորհալի գործընկերների գրագետ ու հետևողական աշխատանքի շնորհիվ պարբերականը դարձել է Սփյուռք-Արցախ-Հայրենիք շղթայի ոսկե օղակներից մեկը, որոնցով հյուսվում է այդ շղթան։
Անկախության ոգին հուսադրեց ու թևավորեց սփյուռքին, նոր շունչ ու նոր կամք հաղորդեց նրան, այդ թվում և ուկրաինական սփյուռքի կես միլիոն հայությանը, ով, չնայած երկրի այժմյան քաղաքական լարված իրավիճակին՝ անում է անհնարինը, որպեսզի հաղթի հայապահպան պայքարում և ձգտում է ավելի ամուր կապվել հայրենիքին։
Ինքս էլ հաճախ եմ լինում հայրենիքում։ Սիրում եմ շրջել ու ճեմել աշնանային Երևանով, մանավանդ, երբ բնությունը դեռ իր բազմերանգ ու չքնաղ զգեստի մեջ է, հիանալ նրա տեսարժան վայրերով, հատկապես այցելել եկեղեցիներ, մշակույթի օջախներ, հպարտանալ մեր մեծերի խոսուն հուշարձաններով։ Յուրահատուկ, անմեկնելի ու հաճելի մի զգացում է պարուրում հոգիս։ Ինձ անչափ երջանիկ եմ զգում, հոգիս արբում է բերկրանքից։ Քայլում եմ, կարոտագին հիանում եմ քաղաքիս քարե տվայտանքներով, մենաշնորհ ունեցող քարե աղբյուրների խոխոջյունով, ըմբոշխնում նրա աննման գեղեցկությունը և կրկին ու կրին սիրահարվում նրան։ Այնուհետև նստում եմ մոտակա ծառուղու նստարանին և հայացքս հառած Մասիսներին՝ մտորում կյանքի ու աշխարհի մասին, մեր գոյության, մեր հարատևության գաղտնիքների ու հորհրդի մասին, մտորում եմ և անրջում․․․ Եվ ասես՝
Անուրջներս լուսավոր՝ հրեշտակի թևեր առած՝
Ճախրում են դեպի կատարը Մասյաց,
Որը ձյունեղեն թագով պսակված՝
Լույսի հրեղեն ցոլքերով շողշողաց։
Եվ մտքերս ինձ տանում են Հայոց Ցեղասպանության հուշահամալիր։ Չգիտեմ՝ հոգու պա՞րտք է դա, թե՝ արյան կանչ․․․ Հոգումս ալիքվում են պապերիս կորուսյալ երկրի մորմոքն ու կարոտը, որի մասին բազմիցս լսել եմ գաղթի դժոխային ճանապարհներհով ու արհավիրքների միջով անցած, արունոտ յաթաղանից հրաշքով փրկված ալաշկերտցի Հայկանուշ տատիցս։
ՈՒ քայլերս ուղղում եմ դեպի Ծիծեռնակաբերդ․․․Այնուհետև Հայոց հոգևոր երգի Տիրամոր ձայնի աղոթաբույր ելևէջներն այցելուներիս ուղեկցում են Ցեղասպանության տուն-թանգարան։ Ամեն ինչ այստեղ անչափ տպավորիչ է․ այն պատմում է մեր նախնյաց խորտակված, բզկտված՝ անկատար երազանքների ու իղձերի մասին։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտնն իր պրպտուն աշխատանքով լրացնում, սերունդներին ու համայն աշխարհին ի ցույց է դնում է պատմության բաց թողած էջերը, որոնք ժամանակի պահանջով չեն ներկայացվել, չեն լուսաբանվել, առավել ևս՝ արգելվել են։
Այցելության ընթացքում ինձ մեծ զարմանք ու հիացմունք պատճառեց ցուցադրությունը, որը կրում էր «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խոսուն խորագիրը։ Սրահում հավուր պատշաճի ներկայացված էին փաստաթղթեր, պետական ու ազգային խորհրդանշաններ, զինանշաններ, դրոշներ, պարգևներ, որոնք տարբեր դարաշրջաններում « հայ պետականության ու ազգային համախմբման յուրօրինակ վկայություններ են»։ Հիանում եմ ու կրկին լցվում ազգային արժանապատվության վեհ զգացումով, որ Հայ եմ։
Օգտվելով առիթից, խորին ակնածանքս եմ հայտնում Ցեղասպանության թանգարանի տնօրինությանը այս հայրենանավեր՝ անչափ հետաքրքիր ու հույժ կարևոր, ես կասեի՝ բոլոր ժամանակներին համահունչ գործի համար։
Սակայն ուզում եմ նաև արտահայտվել, որ անկախության ուղիով քայլող մեր հայրենիքում դեռևս բազմաթիվ, զանազան՝ ակնհայտ և կարելի է ասել՝ նաև թաքնված խնդիրներ կան, հրատապ հարցեր, որոնց լուծումը պահանջում է ուժ ու կարողություն, ջանք ու եռանդ։ Մենք պետք է միասնական լինենք և համառորեն աշխատենք, քանզի, անմահ բանաստեղծի բառերը ակամայից միտս են գալիս՝ «մեզ ելնելու քարեր կան դեռ, մեզ ելնելու սարեր կան դեռ, քարեր, սարեր, դարեր կան դեռ»․․․
Նաև համոզված եմ՝ հանց 25-ամյա երիտասարդ, իմ ազատ ու անկախ Հայաստանը լի է եռանդով, սիրով ու աշխատասիրությամբ , հույսով ու հավատով, որոնք դարեր ի վեր եղել են հայ ժողովրդի կյանքի ուղեկիցները․ հույսը դարձել է թոնրի շուրթին բողբոջող ծաղիկ հաց, հավատը հայի շուրթերին վերածվել է ամոքիչ աղոթքի, և հավատքի ու սիրո լույսերով ողողվել են սուրբ տաճարների կամարները։ Այդ է վկայում քրիստոնեական հավատքի վերածնունդն ու վերազարթոնքն իմ ազատ Հայրենիքում։ Անկախության ոգով խանդավառված՝ հայը մարտնչում է հանուն անառիկ Արցախի, երկնում է, արարում , կերտում, կարծես մեր գլխին եկած ոչ մի աղետ ու արհավիրք ի զորու չէր ոչնչացնել այն, ինչ Աստծուց առատորեն շնորհված, շռայլված է մեր ժողովրդին՝ ազատության տենչանքը և ստեղծագործ ոգին․․․
Աշխարհի այսօրվա իրադարձությունները ևս դրդում են լինել իրատես ու հեռատես, իմաստուն ու ճկուն, որպեսզի այս բարդ ու հակասական ժամանակներում պետական ճիշտ քաղաքականություն վարել՝ ելնելով ազգային շահերից։
Վստահ եմ՝ Դվին, Անի․․․ու Երևան կերտած, «վասն հայրենյաց ու վասն հավատքի» անմահացած, «էպոս ու հերոս ծնած», Մեծ հաղթանակի «Քոչարի»-ն պարած՝ հայրենասեր ու հավատավոր իմ ժողովուրդը հար ու հավիտյան ի զորու է իրագործել իր ամենանվիրական երազանքներն ու մտահղացումները և իր սիրելի բանաստեղծի նման հավաստել․
Ես եկել եմ դարերից
ՈՒ գնում եմ հաղթական՝
Դեպի դարերը նորից․․․
Ինչպես Աստվածային հուր, թող մի՛շտ վառ շողա Անկախության վահագնափայլ լույսը և լուսավորի հավերժի ճամփորդ իմ ժողովրդի հարատևության ուղին։
Տեր ի՛մ Աստված, ամուր, անսասան և խաղաղության մեջ պահիր ազգս ու երկիրս։
Նարինե Մուրադյան
«Վերնատուն» համայնքաթերթի թղթակից
ք․ Օդեսա
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»