Տիգրան Ձիթողցյանի գերիրական կտավները նոյեմբերին կցուցադրվեն Ստամբուլում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/Tigran.jpg)
Ամերիկաբնակ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի գերիրական կտավները նոյեմբերի 3-6-ը ցուցադրության կհանվեն թուրքական Ստամբուլ քաղաքում:
Այս մասին տաղանդաշատ արվեստագետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ դա կլինի իր առաջին նմանօրինակ ներկայությունը Ստամբուլում:
Նշվում է, որ Ձիթողցյանի աշխատանքները ցուցադրվելու են Ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակում:
Նշենք, որ Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։
1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d’Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում: