Նարինե Աբգարյանը` «Յասնայա պոլյանա» գրական մրցանակի հաղթող

«Յասնայա պոլյանա» գրական մրցանակի պատմության մեջ առաջին անգամ ժյուրին երկու հաղթող է ընտրել «XXI դար» անվանակարգում: 2016-ի դափնեկիրներ են դարձել Նարինե Աբգարյանը և Ալեքսանդր Գրիգորենկոն: Նարինե Աբգարյանն արժանացել է մրցանակին «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպի համար:

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային գործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Ամենամյա համառուսական «Յասնայա պոլյանա» գրական մրցանակը հիմնվել է 2003 թվականին: Մրցանակաբաշխությունը նպաստում է ռուս դասական գրականության ավանդույթների պահպանմանը և ժամանակակից գրականության արդիական միտումների զարգացմանը:

Ներկայացնելով Աբգարյանի գիրքը`ժյուրիի անդամ, գրականագետ Ալեքսեյ Վարլամովը նշել է ստեղծագործության մագնետիզմը: «Գրքեր կան, որոնք կարդալիս մոռանում ես, որ ժյուրիի անդամ ես, մոռանում ես երկար ու կարճ ցուցակների մասին, մոռանում ես, որ ամառ է` ընդհանրապես ամեն ինչի մասին մոռանում ես և ուղղակի շնորհակալ ես հեղինակին զարմանահրաշ աշխարհում հայտնվելու համար: Հենց այդպիսի զգացողությամբ եմ կարդացել Նարինե Աբգարյանի գիրքը: Վեպի գործողությունը տեղի է ունենում Հայաստանի հեռավոր լեռնային գյուղում, որտեղ անշուշտ պատմություն կա, որը, սակայն, տարբերվում է մեծ երկրների պատմությունից` դա մասնավոր, լոկալ պատմություն է»,-կիսվել է նա իր տպավորություններով:

Աբգարյանը և Գրիգորենկոն 1-ական մլն ռուբլի կստանան որպես պարգևավճար:

Scroll Up