Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելություն Լիոնում

Հոկտեմբերի 27-ին Լիոնի Ժան Մուլեն 3 համալսարանի դահլիճում կայացավ ընդունելություն Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ, որին ներկա էին Լիոնի քաղաքապետարանի և Ռոն Ալպի տարածաշրջանի պաշտոնյաներ, Լիոնի Ժան Մուլեն 3 համալսարանի նախագահ Ժակ Քոմբին, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստն ու նրա տեղակալ Արայիկ Նավոյանը, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Ռենոն, դասախոսներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոս Լուսինե Մովսիսյանն իր խոսքում ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Ժակ Քոմբիին` Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Լիոնի Ժան Մուլեն 3 համալսարանի միջև գործընկերության մեջ ունեցած ավանդի, գործադրած ջանքերի և շարունակական աջակցության համար և նրան փոխանցեց ՀՀ վարչապետի հուշամեդալը: Փոխհյուպատոսը նաև ընդգծեց համալսարանի գործունեության կարևորությունը Հայաստանում կրթական և սոցիալական այլ ոլորտների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռոկտոր Ժան-Մարկ Լավեստը իր ելույթում ուրախությամբ նշեց Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում համալսարանի պատրաստած մասնագետների ներգրավվածության մասին: Ժակ Քոմբին ընդգծեց, որ ինքը Հայաստանի մեծ բարեկամն է և հիացած է հայ ուսանողների աննկուն ջանասիրությամբ և ուսման հանդեպ ունեցած մեծ հետաքրքրասիրությամբ` միաժամանակ նշելով, որ կշարունակի գործել ի նպաստ երկու համալսարանների միջև երկկողմ համագործակցության զարգացման:

Scroll Up