Սփյուռքահայերի ինտեգրման հոգեբանական շաբաթի մեկնարկը տրված է

Հոկտեմբերի 31-ին մեկնարկեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի և «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի կողմից նախաձեռնած երկար սպասված հոգեբանական շաբաթը ` «Հոգեբանությունը որպես կամուրջ սփյուռքահայ և տեղացի երիտասարդների միջև» խորագրով:

Հանդիպումը սկսվեց բացման խոսքով: Հարմոնիա կենտրոնի ղեկավար Աշխեն Մկոյանը ողջունելով մասնակիցներին՝ նշեց, որ ծրագրի նպատակն է մեկ տանիքի տակ, մեկ գաղափարի ու նպատակի շուրջ համախմբել տեղացի և սփյուռքահայ երիտասարդներին: Հայաստանի և աշխարհի տարբեր անկյուներից եկած հայ երիտասարդները համատեղ ուժերով կառուցելու են այն կամուրջը, որը հայերին համախմբելիս սահմաններ չի ճանաչում:

Այնուհետև սկսվեց առաջին սեմինար-թրեյնինգը:
Եվ այսպես, առաջին հանդիպման թեման էր «Ոչ վերբալ հաղորդակցումը որպես անձի բացահայտման միջոց»: Հանդիպման առաջին մասում մասնակիցներին ներկայացվեց դրա էությունը և դերը առօրյա շփման մեջ ու մարդու կյանքում: Քննարկվեցին ժեստերի, մարմնի դիրքի, ձայնի տոնի նշանակությունը և դրանց համապատասխանությունը վերբալ ինֆորմացիային: Սուրճի ընդմիջումից սկսած մասնակիցները փորձեցին իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառել գործնականում: Խաղերի միջոցով փորձեցին «կարդալ» մարմնի լեզուն, ոչ վերբալ դրսևորումները և մարզել իրենց հմտությունները:

Հանդիպման ավարտին երիտասարդները հայտնեցին իրենց գոհունակությունը` նշելով, որ հաճելի և օգտակար ժամանակ անցկացրին և բացի նոր գիտելիքներ ու հմտություններ ստանալուց ձեռք բերեցին նոր և հետաքրքիր ծանոթություններ:

Հիշեցնենք, որ ծրագիրը տևելու է ուղիղ մեկ շաբաթ` մինչև նոյեմբերի 6-ը:

Մարիամ Առաքելյան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

2 3

Scroll Up