Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պարգեւատրելու է Բակո Սահակյանին Ազատության մրցանակով

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւելյան տարածաշրջանը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք 10-րդ հանդիսավոր ճաշկերույթին պարգեւատրելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ազատության բարձրագույն մրցանակով:
«Նախագահ Սահակյանը ցուցաբերել է շարունակական հանձնառություն Արցախի անկախության պահպանման գործին` ապահովելով հանրապետությունում աննախադեպ զարգացում եւ ստեղծելով հիմքեր խաղաղասեր եւ բաց հասարակության համար, դնելով Արցախը ժողովրդավարությունների միջազգային քարտեզի վրա»- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւելյան տարածաշրջանի ղեկավար Սթիվեն Մեսրոբյանը:
Մրցանակին նախկինում արժանացել են իրավաբան, գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Ֆեթիյե Չեթինը, հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Պուլիցերյան մրցանակի արժանացած գրող եւ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայիս դեսպան Սամանթա Փաուերը եւ այլք: