Նարեկ Հախնազարյանը մենահամերգ կունենա Քարնեգի հոլում

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը նոյեմբերի 7-ին մենահամերգ կունենա ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկում`«Քարնեգի հոլում»:
Տաղանդավոր թավջութակահարին կնվագակցի դաշնակահարուհի Նորին Քեսիդի-Փոլերան: Համերգային ծրագրում կհնչեն Շումանի, Ռախմանինովի, Լիգետիի, Բրոնների և Ռոստրոպովիչի ստեղծագործությունները:
«Սա իմ երկրորդ ելույթն է Քարնեգի հոլում: Առաջին անգամ այնտեղ հանդես եմ եկել 2008 թվականին: Անհամբեր սպասում եմ այս համերգին, որովհետև Քարնեգի հոլում ելույթ ունենալը յուրաքանչյուր երաժշտի երազանքն է: Հայկական գործեր ծրագրում չկան, բայց ունկնդիրներին սպասվում են անակնկալներ»,- «Արմենպրես»-ի թղթակցին ԱՄՆ-ից հաղորդեց Նարեկ Հախնազարյանը:
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թվականին, Երևանում, երաժիշտների ընտանիքում: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում` Զարեհ Սարգսյանի դասարանում, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում: Համագործակցել և համագործակցում է բազմաթիվ անվանի նվագախմբերի և դիրիժորների հետ: Համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում: 2012-13թթ.-ի համերգաշրջանում Հախնազարյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Rotterdam Philharmonic-ի, London Philharmonic-ի, BBCScottish Symphony Orchestra-ի, Filarmonica della Scala-ի և բազմաթիվ այլ հեղիանակավոր նվագախմբերի հետ: Washington Post-ը նրան բնորոշել է որպես «ֆենոմենալ թավջութակահար, ով ներխուժել է միջազգային ասպարեզ՝ 2011թ.-ին նվաճելով Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակը և ոսկե մեդալը»:
Քարներգի հոլլը (Carnegie Hall) ամերիկյան համերգային դահլիճ է Նյու Յորքում: Այն ԱՄՆ-ի ամենակարևոր համերգային սրահներից մեկն է և ունի հիանալի ակուստիկ տվյալներ: Այս համերգասրահում հանդես են եկել բազմաթիվ հեղինակավոր երաժիշտներ: