Էրդողանը ցանկանում է կառավարման համակարգը փոխել, որ պատասխանատվություն չկրի երկրում տեղի ունեցողի համար․Սելինա Դողան
Մեր կուսակցությունը կտրականապես դեմ է, որ Թուրքիան անցնի նախագահական կառավարման համակարգի․
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը:
«Ես գալիս եմ ԱՄՆ-ից, մենք այնտեղ քննարկել ենք նախագահական մոդելի կառավարումը: Նախագահական համակարգը իշխանության անկախության գրավականն է, այն աջակցելու է իշխանությանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանության է արժանացրել երկրում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու միտքը:
Սելինա Դողանը նշեց, որ Թուրքիան նախագահական համակարգի կարիք չունի, այլ դեմոկրատական համակարգի անցնելու անհրաժեշտություն․ «Մենք կարիք ունենք դեմոկրատական համակարգերի, անկախ արդարադատության, մարդու իրավունքների՝ ազատ խոսքի իրավունքի, հանրահավաքներ անցկացնելու իրավունքների և այլն»:
Հայազգի պատգամավորը նշեց, որ չի կարող ասել՝ արդյո՞ք իշխող կուսակցությանը կհաջողվի անցկացնել սահմանադրական փոփոխությունները, թե՝ ոչ:
«Դե ֆակտո մենք ունենք նախագահական համակարգ: Երկրի նախագահը մշտապես ճնշումներ է գործադրում արդարադատության համակարգի, մամուլի վրա»,- ասաց Սելինա Դողանը:
Նրա կարծիքով՝ Էրդողանը ցանկանում է երկրի կառավարման համակարգը փոխել, որ ինքը պատասխանատվություն չկրի երկրում տեղի ունեցողի համար։
«Նա չի ցանկանում պատասխանատվություն ունենալ որևէ բանի համար»,- ասաց նա:
Սելինա Դողանը նշեց, որ երկրում կառավարման համակարգը չփոխելու համար իրենց կուսակցությունը փորձում է հասարակությանը կառավարման համակարգը փոխելուց հետո հետևանքները բացատրել: