Հայկական առածները՝ Խորվաթիայում

Առաջին անգամ Խորվաթիայում լույս է տեսել <Հայկական առածներ> գիրքը խորվաթերեն լեզվով: Այն հայկական առածների ժողովածու է և ստեղծվել է երեք երկրների ներկայացուցիչների միասնական աշխատանքի շնորհիվ` Հայաստանի, Ռուսաստանի և Խորվաթիայի: Գիրքը հրատարակվել է Սփլիթ քաղաքում “Naklada Bošković” հրատարակչության կողմից: Գրքի ստեղծման և հրատարակման գործում մասնակցություն են ունեցել. գրքի ներածության հեղինակ և առածների ընտրանու կազմող Արթուր Բաղդասարովը, խմբագիր Նենադ Պիսկաչը, ռուսերեն և հայերեն լեզվով ներածական հոդվածների հեղինակ Անահիտ Հովնանյանը, սրբագրիչ Միլան Նոսիչը: Գրքի շապիկը զարդարող նկարը պատկանում է հայ հայտնի նկարիչ Տիգրան Հովումյանի վրձնին:

Հայկական առածներն ու ասացվածքները առաջին անգամ տպագրվել են 1859թ. Թիֆլիսում “Մեղու Հայաստանի” օրաթերթում Գրիգոր Տեր-Հարությունյանի կողմից: Դա առաջին լուրջ փորձն էր լայն ընթերցողին ներկայացնելու հայոց բանահյուսության կարևոր շերտերից մեկը: Զգալի ավանդ ունի հայոց բանահյուսության զարգացման հարցում ակադեմիկոս Արամ Ղանալանյանը (1909 – 1983): Նա հավաքել և գիտական դասակարգում է տվել շուրջ 40 հազար առածների և ասացվածքների, որոնք տեղ են գտել “Առածանի” ծողովածույում (1960թ):

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող ժողովածուն կազմված է ներածությունից և երկու մասերից: Առաջին մասում ներկայացված են տեղեկություններ Հայաստանի և  հայոց պատմության վերաբերյալ: Երկրորդ մասը ներառում է հայկական առածները` հայկական ազգային հագուստի նմուշների նկարների զուգակցմամբ: Ծողովածուի  հիմքում ընկած են ակադեմիկոս Արամ Ղանալանյանի հավաքածուից որոշ առածների հայերենից խորվաթերեն թարգմանությունները, որոնք տպագրվել են 1960 թվականին ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից (այժմ` ՀՀ ԱԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ):

Ժողովածուի մեջ այբբենական կարգով տեղադրված 300 առավել բնորոշ և օգտագոծվող առածները հնարավորություն են տալիս խորվաթ ընթերցողին  ընդհանուր պատկերացում կազմել հայկական բանահյուսության  հարուստ  ժանրերից մեկի վերաբերյալ:

Անահիտ Հովնանյան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

Scroll Up